Իրանի դեսպանի կողմից երբեք չի եղել հայտարարություն, թե պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը. Զախարյան
Հայաստանը Իրանի հետ գազի մատակարարման հարցով բանակցություններ այսօր չի վարում, այդ հարցով լուրջ բանակցություններ չեն էլ տարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Իրանի դեսպանի կողմից չի եղել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ, ինչպես գրում են որոշ թերթեր: Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը»,- նշեց նախարարը:
Ըստ Ե.Զախարյանի՝ իրենք շատ լավ գիտեն, թե Իրանն ում ինչ գնով է գազ մատակարարում: «Մենք տիրապետում ենք գազի բնագավառի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը: Թող ձեզ չթվա, մենք այստեղ նստած ինչ-որ այլ բաներով ենք զբաղված: Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում: Ես սա պատասխանատվությամբ հայտարարում եմ»,-ասաց Ե.Զախարյանը: