Զարիֆ. Իրանի ռազմական ծրագրերը պաշտպանական նպատակ ունեն
«Իրանի ռազմական ծրագրերը պաշտպանական նպատակ ունեն»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Դավոսում ամերիկյան «Associated Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցին, նշել է. «Իրանի ռազմական ծրագրերն ունեն բացառապես պաշտպանական նպատակ: Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներն անօրինական են»:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդհանուր հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին վերջերս «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ ԻՀՊԿ օպերատիվ գործողություններ իրականացնող ստորաբաժանումը համալրվել է նոր մոդելի «Էմադ բալիստիկ հրթիռով, որի հեռահարությունը 1700 կմ է:
Նշենք, այս հրթիռն առաջինն է, որը Իրանի միջուկային համաձայնությունից հետո փորձարկվեց վերջերս:
Հավելենք, որ ԻԻՀ ԱԳՆ նախարարը մեկնել է Դավոս՝ մասնակցելու ամենամյան համաշխարհային տնտեսական ֆորումին: