Չի բացառվում` Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է հենց անվտանգությունից ելնելով. Իրավապաշտպան
Հայկ Կյուրեղյանը, որը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման է դատապարտված, հայտարարել է հացադուլ, ջրադուլ` պահանջելով իրեն տանել մենախուց: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը:
Նա ասաց, որ երկու օր առաջ են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանդիպել Կյուրեղյանի հետ և տեսել, որ այլ` հացադուլավորների խցում էր պահվում:
«Նրա հիմնական պահանջը կապված էր մենախցում լինելու հետ», -ասաց Ռևազյանը:
Հարցին, թե «Նուբարաշեն»-ում արդյոք կա՞ն բավականաչափ տեղեր, Ռևազյանը պատասխանեց, որ տեղերի խնդիրը երկրորդական նշանակություն ունի, քանի որ առաջնայինը պետք է լինի անձի պաշտպանության, անվտանգության ապահովման խնդիրը:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք Հայկ Կյուրեղյանի անվտանգությանն ուղղված սպառնալիք կա, Ռևազյանն ասաց, որ մանրամասներ չի կարող ասել:
«Ասում եմ այն, ինչ ասում եմ: Չեմ բացառում, որ հացադուլ հայտարարելու քայլը հենց իր անվտանգությունից ելնելով է արված», -հավելեց խմբի ղեկավարը:
Նրա փոխանցմամբ, իրենց հանդիպման ժամանակ Կյուրեղյանի մոտ «որոշակի ընկճվածություն» նկատել են:
Նշենք, որ հունվարի 14-ից Հայկ Կյուրեղյանը հայտարարել է հացադուլ, իսկ հունվարի 18-ից` ջրադուլ: ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ Հայկ Կյուրեղյանը բժշկական հսկողության տակ է:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Կյուրեղյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ ՔԿՎ
- Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը
- Հայկ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է. Հայրը ահազանգ է հնչեցնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան