Ինչքան հանգիստ թողնեք ինձ, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա. Շուշան Պետրոսյան
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը հունվարի 20-ին ստացել է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:
Նրա խոսքով, Էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ին կայանալիք նիստում կքննարկի դիմումը վարույթ ընդունելու մասին հարցը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել այն, որ իր վարքագծի մասին հարցը հասել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով:
«Կներեք էլի, բայց ամեն ինչին չափ կա, ոչ մի բանը պատմություն սարքեցիք բոլորդ ակտիվ հարցերով: Մի հատ եկեք ավելի խորքային նայենք` արդյոք սա էն թեման ա, որ իմ վրա պետք է այսքան կենտրոնանալ», -մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը:
Այնուհետև հավելեց. «Ես այլևս այդ թեմայով որևէ հարցի չեմ պատասխանելու, որովհետև հետո որևէ մեկը հետևողական չի լինում էդ կեղտոտ զազրախոսների, էդ անմակարդակ, էդ կիսաուսյալ լակոտների գրածները մաքրել, դրա համար ինձ հանգիստ թողեք: Ինչքան հանգիստ թողնեք, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա: Իսկ Էթիկայի հանձնաժողովի հետ հանդիպումը թողեք ինձ»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով»:
Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ գրառման տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Հարակից հրապարակումներ`
- Նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն պատգամավորի բառապաշարում. Էթիկայի հանձնաժողովի նախագահ
- Շուշան Պետրոսյանի հարցը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան