Հայաստանի կենդանիների համար Ռուսաստանում դաբաղի դեմ պատվաստանյութ կպատրաստեն
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հանդիպմանը քննարկվել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի հարցում ջանքերը համախմբելու անհրաժեշտության ու արդյունավետության մասին:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը Հայաստանի Հանրապետության պատվերով առաջիկայում կարտադրի կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված պատվաստանյութ, որը կպարունակի նաև դաբաղի վիրուսի դեմ պայքարող նոր՝ AG-VII շճատեսակ:
«Իսկ այս շճատեսակի առկայությունն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար, քանի որ հարևան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում, վերջերս պարբերաբար գրանցվել են տվյալ շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր: Մինչև այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռնի կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում հատկացված ֆինանսական աջակցության միջոցներով արդեն իսկ որոշակիորեն վերազինվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիան, որը հնարավորություն կտա ապահովել սննդամթերքի և բիոլոգիական անվտանգության նոր մակարդակ հանրապետությունում:
Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ առաջիկա օրերին երկու ծառայությունների համագործակցության հեռանկարները և արդիական այլ հարցեր քննարկելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան