Իրանի փոխնախագահ. ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
«Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների խորացումը ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի նախագահի առաջին տեղակալը Թեհրանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով պատժամիջոցների վերացումից հետո երկկողմ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Հայաստանն ու Իրանը նույնիսկ պատժամիջոցների ժամանակ կառուցողական և դրական համագործակցություն են ունեցել. Ներկայում պատժամիջոցների վերացումը և բանկային համակարգում առկա խնդիրների վերացումը համագործակցության լայն հնարավորություններ են ստեղծում: Մենք կարող ենք երկկողմ առևտրական կապերն ավելի խորացնել»:
«Թեհրանը որևէ սահմանափակում չի տեսնում Երևանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում»,-նշել է Էսհաղ Ջահանգիրին և հավելել, որ իրանական ընկերությունները պատրաստ են իրենց մասնակցությունն ունենալ Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում:
Գագիկ Բեգլարյանն էլ իր հերթին, ողջունելով Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացումը, նշել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների խորացմանը: