Վերջին ամիսներին ՀԷՑ-ում արձանագրվել է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատում. Երվանդ Զախարյան
2015 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 798 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014 թվականի համեմատ 0,62 տոկոսով ավելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ամփոփելով 2015 թվականի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքները:
Ըստ նախարարի՝ նախորդ տարի արտահանվել է 1 մլրդ 422 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա դեպի Վրաստան, Իրան և ԼՂՀ: 1 մլրդ խմ-ից ավելի բնական գազ էլ ներկրվել է Ռուսաստանից:
Ըստ նախարարի՝ Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015 թվականը բավական բարդ ու դժվարին տարի էր։ Սակայն հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները և բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական վիճակը բարելավելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու առումով։
«2015 թվականը ծանր տարի էր՝ կապված թանկացումների հետ, ինչը ոչ ցանկալի երևույթ էր, բայց մենք ստիպված գնացինք դրան: Ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ: ՀԷՑ-ը թույլ էր տալիս բավականին կորուստներ, ինչը պայմանավորված էր ոչ արդյունավետ կառավարմամբ», - ասաց Ե.Զախարյանը՝ հավելելով, որ գրանցվել է 36,4 մլրդ դրամ կորուստներ՝ կապված ատոմակայանի և սակավաջրության հետ, դա արդյունք էր ոչ ճիշտ էներգոհաշվեկշռի կազմման:
Նրա խոսքերով՝ նախարարության կողմից այդ հաշվեկշռի կազմման նոր կարգ է մշակվել. «Սկսած հոկտեմբերից լուրջ աշխատանք է տարվել կառավարման հետ կապված և այսօր արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում, դրանք կազմել են 11,1 տոկոս, իսկ նախորդ տարիներին կորուստներն ավելի մեծ էին»:
Անդրադառնալով նոր սեփականատեր «Տաշիր գրուպ»-ի աշխատանքին, նախարարը նշեց, որ վերջին ամիսներին ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել:
«Այժմ լուրջ սպասելիքներ ունենք ընկերությունից, ներդրումային ծախսերի նպատակային օգտագործմամբ կունենանք ֆինանսապես կայուն և տեխնիկապես վերազինված համակարգ»,- ընդգծեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան