Սամվել Ֆարմանյան. ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունվեց չափազանց կարևոր արձանագրություն
Հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ պատվիրակությունը՝ պատգամավոր, հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։
Նիստի ավարտից հետո Սամվել Ֆարմանյանը Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց, որ հանձնաժողովի նիստի աշխատանքները ամփոփվել են արձանագրության ընդունմամբ, որն արձանագրում է այն կատարյալ փոխըմբռնման մթնոլորտը, որ առկա է այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններում։
Ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ արձանագրվել են ոչ միայն ընդհանուր պատկերացումները ՀՀ-ԵՄ ներկայի և ապագայի հեռանկարների, այլ նաև տրվել են գնահատականներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։
«ԼՂ հակամարտության վերաբերյալ չափազանց կարևորում եմ, որ Եվրոպական խորհրդարանն այս հայտարարությամբ արձանագրում է, որ լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես միջազգայնորեն ճանաչված և միակ լեգիտիմ միջնորդական ձևաչափ, որի ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորմանը։
Չափազանց կարևոր է այն, որ հայտարարությամբ կոչ է արվում համաեվրոպական մյուս կազմակերպություններին և միջազգային ատյաններին, որոնք երբ որևէ քայլ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ներկայացնում են տարատեսակ բանաձևերի նախագծեր, իրենց մոտեցումներում և տեսակետներում համահունչ լինեն Մինսկի խմբի համանախագահների կողմից կատարված հայտարարություններին, որպեսզի այդպիսով իրենց նպաստը բերեն բանակցային խաղաղ կարգավորմանը։ Այս կերպ, ըստ էության, Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին առաջնորդվել այս մոտեցումներով՝ մի քանի օր անց այստեղ՝ Ստրասբուրգում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2 բանաձևերի քվեարկության ժամանակ։ Սա չափազանց կարևոր ուղերձ է ԵԽԽՎ-ին՝ Ռոբերտ Ուոլտերի և Միլիցա Մարկովիչի զեկույցների նախագծերի քվեարկությունից առաջ»,-ասաց Սամվել Ֆարմանյանը, ով նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ է։
Ինչպես տեղեկացրեց Սամվել Ֆարմանյանը, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հետ կապված Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային վերջ դնել ապաշրջափակմանը՝ բացելով միակողմանիորեն փակված սահմանը, ինչպես նաև առերեսվել սեփական պատմության հետ՝ ճանաչելով հայոց ցեղասպանությունը։ Կոչ է արվում նաև ԵՄ անդամ երկրներին և կառույցներին քայլեր ձեռնարկել՝ ճանաչելու հայոց ցեղասպանությունը։
Պատվիրակությունն այսօր մասնակցել է նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին՝ նախագահ Էլմար Բրոքի նախագահությամբ։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկայի, ապագա հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև անդրադաձել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պատասխանել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին հետաքրքրող հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան