Ամերիկյան նավթը երկար դադարից հետո առաջին անգամ ներկրվել է Եվրոպա
Ամերիկյան նավթով բեռնված առաջին նավթատարը մուտք է գործել Եվրոպա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ամերիկյան նավթը հասցվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի մերձակա նավահանգիստներից մեկը, որտեղից էլ այն տեղափոխվելու է Շվեյցարիա:
Ինչպես հաղորդվում է, երկար դադարից հետո սա առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները թույլ է տալիս նավթի արտահանում: Մասնավորապես՝ ԱՄՆ կողմից նավթի արտահանման վրա արգելք էր դրվել դեռ 1970-ականներից:
Նշվում է, որ արդեն դեկտեմբեր ամսին ամերիկյան Enterprise Products Partners ընկերությունը հայտարարել էր նավթի արտահանման թույլտվության մասին՝ այս կերպ դառնալով առաջին ընկերությունը վերջին շուրջ 4 տասնամյակների ընթացքում, որը կարողանալու է նավթ արտահանել ԱՄՆ-ից:
«Լուկօիլ» ընկերության ղեկավարի խոսքով՝ ծավալային առումով համաշխարհային շուկայում փոփոխություններ չեն լինի, քանի որ ԱՄՆ-ն առավելապես արտահանելու է համեմատաբար թեթև նավթ, որի շուկայական գինը ավելի բարձր է: