Բեդո Դեմիրճյան․ Change.org-ում ԵԽԽՎ-ին ուղղված ստորագրահավաքի նպատակն էր հանրային մեծ զորաշարժ սկսել
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը» հունվարի 8-ին Change.org կայքում նախաձեռնեց ստորագրահավաք, որի նպատակն է կանխել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հակահայկական 2 բանաձևերի նախագծերի՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» և բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ընդունումը։ Ներկա պահին Change.org-ում ստորագրահավաքին միացել է 7 592 մարդ։
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի» լրատվության և PR պատասխանատու Բեդո Դեմիրճյանը Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց, որ առաջին անգամ են այսպիսի ստորագրահավաքի դիմել։
«Այս ստորագրահավաքի նպատակն էր հանրային մեծ զորաշարժ սկսել, և հայ հանրությանը տեղեկացնել, թե ինչ է ԵԽԽՎ-ն, ինչպես կարելի է աշխատել նրա հետ։ Սա այն աշխատանքն էր, որն ավելի ժողովրդական, հանրային է, քան հարցի հետ կապված մեր կատարած մյուս աշխատանքները։ Մենք նամակ ենք հղել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին, յուրաքանչյուր պատգամավորի և Եվրոպայի մեջ Հայ դատի հանձնախմբերին, որոնք հանդիպումներ են ունենում իրենց երկրների պատգամավորների հետ։ Հանդիպումների նպատակն է բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում այս բանաձևերը, որտեղից են սկսվել, ովքեր են զեկուցողները և ինչպիսի դրդապատճառներ ունեն այսպիսի զեկույցներ գրելու համար։ Մենք մինչև վերջին վայրկյան փորձելու ենք ազդել պատգամավորների քվեարկության վրա՝ բացատրելով այն ամենն, ինչ արդեն 2 ամիս է անում ենք»,-ասաց Բեդո Դեմիրճյանը։
Հարցին, թե արդյո՞ք աշխատանքներ տարվում են տվյալ զեկուցողների վերաբերյալ հենց իրենց երկրում, իրենց ընտրողների շրջանում տեղեկատվության տարածման ուղղությամբ այն մասին, թե ինչպիսի անձնական նկատառումներով են այս զեկույցները գրվել, Բեդո Դեմիրճյանն ասաց, որ այո՛, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի մասին տեղեկատվություն տարածվում է, քանի որ Անգլիայում կա հայկական համայնք, իսկ Բոսնիա-Հերցեգովինայում, որտեղ չկա հայկական համայնք, նման աշխատանք չի կատարվել։
«Սակայն, անշուշտ, աշխատանքներ են տարվել ԵԽԽՎ ղեկավարության, քարտուղարության, քաղաքական խմբակցությունների շրջանակներում՝ ներկայացնելով հատկապես, թե ով է Ուոլտերը, նրա թուրք կնոջ, նրանց ադրբեջանամետ լինելու մասին, ինչպես նաև Միլիցա Մարկովիչի մասին»,-ասաց Բեդո Դեմիրճյանը։
Իսկ թե ինչ կլինի այն դեպքում, եթե ԵԽԽՎ-ն ընդունի բանաձևերը, Բեդո Դեմիրճյանն ասաց, որ, իհարկե, ԵԽԽՎ բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և անմիջականորեն ազդեցություն չեն կարող ունենալ հակամատության լուծման գործում, սակայն այն կարող է նախադեպ լինել Ադրբեջանի համար՝ այլ միջազգային կառույցներում ևս նման բանաձևերի նախագծեր ներկայացնելու համար։
«Այս նախադեպը չստեղծելու համար է կատարվում այս ողջ աշխատանքները, քանի որ նման բանաձևերը առավել անկանխատեսելի կդարձնեն Ալիևի ռեժիմին։ Սակայն, հուսանք, որ բանաձերը քվեարկությամբ չեն ընդունվի»,-ասաց Բեդո Դեմիրճյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ-ում վերոնշյալ բանաձևերի նախագծերի քվեարկությունը կկայանա հունվարի 26-ին՝ Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Բեդո Դեմիրճյան. Առաջին անգամ Եվրախորհրդարանն արձանագրեց ԼՂ հետ անմիջական համագործակցության անհրաժեշտությունը
- ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը վնասում են բանակցային գործընթացին. Խնդրագիր շրջանառվող բանաձևերի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին