Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու
Այս տարվա ընթացքում պեղումներ են իրականացվելու Մեծամորի երկու հատվածում՝ միջնաբերդում և քաղաքային թաղամասում: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցած «Հին Հայաստանի մշակույթը» հանրապետական 16-րդ գիտաժողովի ժամանակ ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Աշոտ Փիլիպոսյանը նախ անդրադարձել է 2010-2012 թվականներին Մեծամորի միջնաբերդում և դամբարանադաշտում կատարված պեղումներին. «Մաքրվել և պեղվել են այն դամբարանները, հարակից տարածքները, որոնք մինչ այդ պեղել էր Էմմա Խանզադյանը՝ ճշգրտելու և հստակեցնելու նպատակով, արդյոք որևէ խնդիր դուրս չի մնացել հնագետի ուսումնասիրություններից: Արդյունքում հաստատվել է այն ենթադրությունը, որ Էմմա Խանզադյանի պեղած մեծ դամբարանաբլուրները ուշ բրոնզեդարյան կառույցներ են, որոնց մեջ բարձրաստիճան մարդկանց երկաթե- դարյան վերաթաղումներ են արվել: Էմմա Խանզադյանը իր աշխատանքներում նշում է, որ իրեն համար էլ անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ անագե, ոսկե առարկաները, որոնք ունեն ուշ բրոնզեդարյան արտաքին, հայտնվում են երկաթեդարյան խեցեղենի հետ: Այս երևույթը ցույց է տալիս, որ եղել են կրկնակի թաղումներ»:
Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ Մեծամորի հնագիտական պեղումների հիմնական փուլը սկսվել է 2013 թվականից, երբ պայմանագիր է կնքվել Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հայ-լեհական արշավախումբը բավականին արդյունավետ պեղումներ է իրականացրել բուն դամբարանադաշտի տարածքում: Միաժամանակ՝ համաձայնագրի շրջանակներում, ՊՈԱԿ-ի երեք աշխատակիցներ վերաորակավորում են անցել Վարշավայի համալսարանում: Ըստ Աշոտ Փիլիպոսյանի, լեհական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաև 2016 թվականին՝ պեղումներ իրականացնելով երկու հատվածում՝ միջնաբերդում և քաղաքային թաղամասում:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:
Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան