Գյումրիի կենդանաբանական այգին մեր երկիրը պախարակող տեղ է. Նարե Արամյան
Գյումրիի մինի կենդանաբանական այգու ներկայիս վիճակը պետք է օրինակ լինի, որ հետագայում կանխվեն նման իրավիճակներ և դա ամրագրվի օրենսդրական մակարդակով: Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Նշենք, որ այս պահին Գյումրիի կենդանաբանական այգում, որը գործարար Վարդան Ստեփանյանի սեփականությունն է և ստեղծվել է 2010 թվականին, ապրում են 3 վագր և երկու արջ: Նրանց պայմանները բավարար չեն, նաև ուտելիք չունեին, բայց կամավորների նախաձեռնությամբ և այլ երկրներում ապրող հայրենակիցների օժանդակությամբ լուծվել է նրանց սննդի հարցը: Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր այս խնդրին, և բնապահպան Սիլվա Ադամյանը տեղեկացրել էր, որ կենդանիները շուտով կտեղափոխվեն Ռումինիա:
Արդեն երկու ամիս է` գիշատիչներին օգնում են գյումրեցի կամավորները` «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Նրա խոսքով, կենդանաբանական այգու տարածքում ջուր չկա և իրենք ստիպված մի քանի մետր հեռավորությունից ջուր են կրում այգի, մեքենա չունեն մեծ քանակությամբ ուտելիք տեղափոխել, բայց մի կերպ ու մեծ դժվարություններով կարողանում են ապահովել կենդանիներին ուտելիքով:
Նարե Արամյանն ասաց, որ երեկ եղել է Գյումրիում, տեսել կենդանիների պահպման պայմանները և եզրակացրել` «Այդ տարածքը դժվար է կենդանաբանական այգի համարել: Դա այգի չէ: Նման բառակապակցություն պետք չէ օգտագործել այդ տեղի վերաբերյալ: Դա մեր երկիրը պախարակող տեղ է: Դրա գոյությունը միջազգային մամուլում վատ անդրադարձ է ունեցել մեր երկրի հեղինակության վրա»:
Նա անհրաժեշտ է համարում, որ մշակվի, ստեղծվի օրենք, որով արգելվի ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին կենդանիներ պահել, եթե նրանք չունեն համապատասխան պայմաններ, ֆինանսական հնարավորություններ:
«Քանի դեռ կենդանիների պահման, պահպանման պայմաններ չկան, նրանք պետք է տեղափոխվեն այլ երկիր ու անցնեն վերականգնողական բուժում և այլևս չվերադարձվեն Հայաստան», -ասաց նա:
Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերը ևս այցելել է Գյումրիի գիշատիչներին ու տեսել, որ «նրանք ապրում են սարսափելի վատ պայմաններում»:
«Սա լավագույն առիթն է, որ Հայաստանում փոխվի իրավիճակը, ստեղծվի օրենսդրություն և կենդանիների պահման պայմանները լավը լինեն», -հավելեց մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան