«Ռեինկարնացիան»՝ Կուստուրիցայի փառատոնում
Այսօր «Ռեինկարնացիա» խումբը ելույթ կունենա Սերբիայում՝ «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում։ Հայկական խումբը ելույթ կունենա փառատոնի երաժշտական ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են նաև երեք սերբական և մի մոլդովական խումբ: Այս մասին հայտնում են «Մեցցո Փրոդաքշնը» և «Ալմազյան Փրոդաքշնը», որոնք էլ կազմակերպել են «Ռեինկարնացիայի» ելույթը Էմիր Կուստուրիցայի փառատոնում:
«Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը տեղի է ունենում 2008 թվականից սերբական Դրվենգրադ էթնոգյուղում, որը Կուստուրիցան կառուցել էր իր «Կյանքը հրաշք է» ֆիլմի համար։ Կուստուրիցայի խոսքով, «Կուստենդորֆում», ի տարբերություն այլ փառատոնների, հեղինակները չեն ատում միմյանց, այստեղ իշխում է սերը:
«Դեռևս մեկ ամիս առաջ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և իր«The No Smoking Orchestra»-ն սպասված համերգով Երևանում էին։ Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին հաջորդեց աֆթերփարթին «Մեցցո» ակումբում, որտեղ երեկոյի տրամադրությունն ապահովում էր «Ռեինկարնացիա» խումբը։ Կուստուրիցան ոչ միայն բարձր գնահատական տվեց նրանց երաժշտությանն ու կատարմանը, այլ նաև ելույթ ունեցավ նրանց հետ: Նա այնքան հավանեց խմբին, որ դիմելով կազմակերպիչներին, հրավիրեց նրանց ելույթ ունենալու իր «Կուստենդորֆ» փառատոնին»,- հայտնում են ընկերություններից։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում