Տիկնիկային թատրոնն ավելի թատերական, հաճելի տեսք է ստացել. Ռ.Բաբայան
Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն արդիականացրել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսավորության համակարգը:
«Մեր թատրոնն այսօր ավելի լուսավոր է, գեղեցիկ, գեղագիտական առումով ավելի կատարյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում թատրոնի բոլոր լուսատուները, բեմական լույսերը փոխվել են, դարձել էներգախնայող, թատրոնի թանգարանային հատվածներում գիշերային ժամերին լուսավորություն ապահովելու շնորհիվ թանգարանը տեսանելի կլինի նույնիսկ փողոցից:
«Թատրոնն ավելի թատերական, հաճելի տեսք է ստացել»,- ասաց Ռ.Բաբայանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Հայկ Հարությունյանն ասաց, որ լուսավորության համակարգի բարեփոխման ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության միջոցառումներ է իրականացնում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհի և պետական միջոցների հաշվին: Արդեն էներգասպառման կրճատմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել 42 հանրային օբյեկտում՝ դպրոց, մանկապարտեզ, համալսարան, թատրոն, քաղաքապետանի շենք, գիտական հաստատություն, համայնքային լուսավորություն և այլն: Ներկա պահին 15 օբյեկտում ընթանում է աշխատանք, ծրագրվում են նաև նոր շենքեր: Ըստ նրա, ծրագրի արդյունքում փաստացի խնայողությունը կազմում է միջինը 50 տոկոս, որոշ դեպքերում այդ թիվն ավելի բարձր է լինում:
«Ծրագրի նպատակն է կրճատել էլեկտրաէնեգիայի սպառումը հանրային օբյեկտներում: Թատրոնոմ էներգախնայողական միջոցառումների համար 32 միլիոն դրամի ներդրման շնորհիվ լուսավորության տարեկան սպառումը 120 հազար կիլովատ/ժամից կնվազի մինչև 30 հազար կիլովատ/ժամ, այսինքն՝ 4 անգամ պակաս: Նշված խնայողության հաշվին 7 տարվա ընթացքում կմարվի ներդրումների ամբողջ գումարը»,- ասաց փոխնախարարը:
Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոյանն ասաց, որ մշակութային ոլորտում սա երրորդ ծրագիրն է. առաջինը՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը, երկրորդը, որը շուտով կավարտվի, Հայաստանի Ազգային գրադարանը:
«Այս ծրագրի միջոցով երկու խնդիր ենք լուծում կոնկրետ թատրոնի հետ կապված. տարածքը գեղագիտական առումով ավելի հաճելի է դառնում, բեմի լուսատեխնիկական զինվածության հարցն է լուծվում, երկրորդ՝ պետական միջոցներն ավելի արդյունավետ են օգտագործվում»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ դիմելու են նախարարությանը, հիմնադրամին, որ հաջորդ տարիներին ծրագրում ներգրավեն նաև մշակութային մյուս օբյեկտները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան