Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային
Հայաստանում դաբաղի հետ կապված անկայուն վիճակի պատճառով Ռոսսելխոզնադզորի որոշմամբ արգելվել է որոշ սննդատեսակների ու ապրանքների ներկրումը ՌԴ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պետական կառույցի պաշտոնական էջից:
Արգելված ցանկում ներառված են վայրի և ընտանի կենդանիների ու թռչունների միսը (վայրի խոզեր, բիզոներ, լեռնային այծեր և այլն), գենետիկ նյութեր, սպերմեր, կաթ ու կաթնամթերք, բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազ, որոնք վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղի ունեցածի մասին ինչպես միշտ լռել է: Երեկ տարածած հաղորդագրության մեջ, որևէ տող չկար ներմուծման արգելքի մասին: Մինչ այդ ծառայությունը որևէ կերպ չի տեղեկացրել, որ Հայաստանի որևէ բնակավայրում դաբաղ հիվանդության դեպք կամ դեպքեր են արձանագրվել: Պատճառների մասին պետք է խոսեն ծառայության պատասխանատուները:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվության հայտնվելուց հետո միայն ՍԱՊԾ-ն որոշեց խոսել: Ըստ ծառայության, արգելքը ժամանակավոր է:
«Դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներին:
Հարևան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր, որն օրերս է հաստատվել ռեֆերենս լաբորատորիայում: Հենց այս տիպի դաբաղն է գրանցվել հարևան երկրներում: Նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար:
Մինչև այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռում կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն՝ հաշվի առնելով հիվանդության նոր տիպը:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պայմաններին համապատասխան՝ հանրապետությունում իրականացվել են կանխարգելիչ անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները, պետպատվերի շրջանակներում դաբաղի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել:
Վարակի տարածքում մինչ այսօր հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Հարկ նշել, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր ապրանքները՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքն անարգել արտահանվում են ՌԴ տարածք:
Երեկ տեղեկացրել ենք, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալը՝ տեղում ծանոթանալու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուշագրավ է այստեղ այն փաստը, որ ռուսական շուկայի համար արգելված սննդամթերքն ու մյուս ապրանքները առանց արգելքի ու թերևս առանց վերահսկողության սպառվելու են հայկական շուկայում: Իսկ ինչպես իմանա հայաստանյան սպառողը, շուկայում վաճառվող ապրանքը համապատասխան մշակում անցե՞լ է, թե՞ ոչ: