Վրաստանի վարչապետ. «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները քաղաքական ենթատեքստ չունեն
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի հետ գազային բանակցությունները քաղաքական ենթատեքստ չեն կրում: Փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Վրաստանի վարչապետը նման հայտարարություն է արել որպես արձագանք ընդդիմադիր այն ուժերի, ովքեր վրացական իշխանություններին մեղադրում են «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների համար՝ մատնանշելով, որ դրանք ունեն քաղաքական բնույթ:
«Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի կառավարությունը առավելագույնս պաշտպանում է իր երկրի շահերը: Այդ խնդիրը (ռուսական գազի մատակարարման) ունի մաքուր տեխնիկական բնույթ և զուրկ է որևէ քաղաքական ենթատեքստից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նշվում է, որ նման հայտարարությամբ Վրաստանի վարչապետը հանդես է եկել Դավոսում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն մի քանի անգամ այս մասին նաև հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ըստ որի, Ադրբեջանը շարունակում է մնալ կարևոր գործընկեր, սակայն չի կարող բավարարել երկրի գազի ձմեռային պաշարի դեֆիցիտը: