Դատարանը որոշել է ազատել Շուշանիկ Բախշյանին, բայց քննիչը չի կատարում որոշումը. Փաստաբան
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի բողոքը՝ քննչական կոմիտեի կայացրած ձերբակալման որոշման դեմ: Արդյունքում Բախշյանը ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Սակայն որոշումը առայժմ չի կատարվել, քանի որ ձերբակալելու միջնորդություն ներկայացրած քննիչ Հայկազ Բաղմանյանը հեռացել է դատարանից, իսկ Բախշյանն ու նրա փաստաբանը դեռ այնտեղ են:
«Միայն Հայաստանում է հնարավոր նման բան` դատարանը որոշի, իսկ քննիչը չկատարի այդ որոշումը», -փոխանցեց պարոն Սիրունյանը:
Նա ասաց, որ Շուշանիկ Բախշյանը չի հանձնվի ոստիկաններին, քանի որ դրա համար կա դատարանի որոշում ու շարունակեց. «Մենք կմնանք դատարանում այնքան, մինչև քննիչ Բաղմանյանը կատարի որոշումը: Դատարանը սրբի դուռ է, մինչև լույս կմնանք այստեղ»:
Քննչական կոմիտեից էլ Panorama.am-ին հայտնեցին, որ քննության ընթացքի ու կայացվող որոշումների մասին կտեղեկացնեն առաջիկայում:
Հիշեցնենք` հուլիսի 29-ին մահացել էր հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չէր կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ. Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել էր, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև վերջինիս նորածին դուստրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին