Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի դասընթացներին մասնակցել է 640 մարդ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով 2015թ ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացրել է մոտ 60 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 640 մասնակիցներ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Մասնագիտական դասընթացները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝ Java ծրագրավորում, WEB ծրագրավորում, Linux Օպերացիոն Համակարգ, Android ծրագրավորում, Տվյալների Բազայի Կառավարում, Ցանցային Անվտանգություն, Share Point 2013, CISCO «CCNA անվտանգություն», C++ ծրագրավորում, Advanced Adobe Photoshop, Flash Անիմացիա, 3DsMax: գրաֆիկա և անիմացիա և այլն:
Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև դպրոցականների կրթական ծրագրերին. 2015թ ընթացքում կենտրոնը կազմակերպել էր Ամառային Web դիզայն դպրոց 13-18 տարեկաններիհամար, որի ընթացքում աշակերտների համար իրականացվել են Web ծրագրավորում, գրաֆիկա և դիզայն, կարողությունների զարգացում և փորձի փոխանակման սեմինարներ: Կենտրոնը նաև աջակցել է «ՈԶՆԻ-2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթին: 2015թվականին մրցույթին մասնակցեցին 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից:
Կենտրոնը կազմակերպել է նաև «Բազային համակարգչային գիտելիքներ մեծահասակների համար» սոցիալական դասընթացը, որը մեծահասակներին հնարավորություն էր ընձեռում ձեռք բերել հիմնական համակարգչային գիտելիքներ:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը 2015թ միացել է Pearson VUE միջազգային լիզենզավորման ցանցին,որը իրականացնում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային մոտ 450 ընկերությունների (Cisco, Oracle, Microsoft, VMware, IBM, CompTIA, EMC, HP, LPI, և այլն) ծրագրավորման լիցենզավորման քննությունների սերտիֆիկացիոն թեստա¬վորում:
Նշենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը: