Ֆրանսիայի ԱԳ պաշտոնյա. Մենք միշտ կլինենք Հայաստանի կողքին
Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղար, տիկին Աննիկ Ժիրարդենն այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էր:
Նա ծաղիկներ դրեց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ:
Ցեղասպանության թանգարանում շրջելուց հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղ է՝ հայ-ֆրանսիական բարեկամության ուղերձով:
«Ցնցված եմ, հուզված: Մենք միշտ եղել ենք, կլինենք Հայաստանի կողքին: Այսօր էլ ականատեսն ենք, որ Երկիր մոլորակի տարբեր վայրերում տեղի են ունենում նման զազրելի ոճրագործություններ: Մեր պարտքն է կանգնել նրանց կողքին»,-ասաց Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ փուլում է գտնվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվող օրինագիծը, Պետքարտուղարը հիշեցրեց, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երկու անգամ նախագահի մակարդակով այց է կատարել, մասնակցել է նաև Ցեղասպանության 100–րդ տարելիցի` Երևանում անցկացված միջոցառումներին ու զոհերի ոգեկոչման արարողություններին: Եվ, ըստ նրա, օրինագծի առնչությամբ այսօր Ֆրանսիայում ընթանում են քննարկումներ՝ թե’ Սենատում, թե՛ Ազգային ժողովում (ստորին պալատում):
Աննիկ Ժիրարդիենը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը արծարծվել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցում, որի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
«Մեր կառույցը, բնականաբար, ընդունում է իրողությունը, բայց պետք է ընդունել, որ պատմության մի էջ է, որը պետք է շրջել: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր գործուն մասնակցությամբ օգնենք Հայաստանին տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, զբոսաշրջություն, կրթական ոլորտներ, որպեսզի Հայաստանի երիտասարդությունը կարողանա հավուր պատշաճի իր գիտելիքներն ի սպաս դնել իր երկրի զարգացմանը»,- հավելեց Աննիկ Ժիրարդիենը:
Մանրամասները՝ տեսանյութում: