Փոխնակ մայրության «հիմքերը» և Հայաստանի ու Ֆրանսիայի փորձը
Հայաստանում առաջին փոխնակ կամ ինչպես տարածված է` սուրոգատ մայրը 2006 թվականին զույգ է ունեցել. կնոջ մոտ արգանդի հետ կապված լուրջ խնդիր կար` ի ծնե չէր զարգացել, և նրա քույրը դարձավ փոխնակ մայր ու նրանց պարգևեց զույգ երեխա: Այսօր Փաստաբանական դպրոցում տեղի ունեցած փոխնակ մայրությանը նվիրված իրավական գիտաժողովում ներկայացրեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Օկոևը:
Մեր երկրում փոխնակ մայրությունը կարգավորվում է 2002-ին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով: Այս փաստաթղթի հոդվածներից մեկը վերաբերում է հենց փոխնակ մայրությանը, որի համաձայն, փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 25-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և որի արդյունքում չեն հայտնաբերվել հակացուցումներ:
Այժմ մասնագետները փորձում են բարելավել ոլորտը` օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելով:
«2010 թվականից սկսած օրենքում փոփոխություններ կատարվում են, պատճառն այն է, որ բժշկության մեջ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, փոխնակ մայր լինելու համար դիմումները շատ են և երևույթը մեր հասարակության մեջ ընդունելի է», -բացատրեց ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Այժմ նոր փոփոխություններով օրինագիծը գտնվում է արդարադատության նախարարությունում` քննարկումների փուլում:
Ֆրանսիայում, փոխնակ մայրությունն արգելվում է և ինչպես գիտաժողովի ժամանակ բժշկական իրավունքի մասնագետ ֆրանսիացի Գիյոմ Ռուսսոն (Guillume Rousset) ներկայացրեց, թեպետ փոխնակ մայրությունը շատ հին արմատներ ունի, բայց իր երկրում այն համարվում է մարմինը սեփական կամքով տնօրինելու սկզբունքի խախտում:
«Չէ՞ որ փոխնակ մայրն իր մեջ կրում է այլ մարդու երեխային և ինքն այլևս իր մարմնի պատասխանատուն չէ: Բացի այդ, ֆրանսիական իրավունքն ասում է, որ անձը չի կարող դիմել փոխնակ մայրության, հաշվի առնելով այն, որ դրա արդյունքում կարող են փոխնակ մոր և երեխայի միջև ազգակցական կամ այլ կապեր առաջանալ», -Ֆրանսիայում այս ոլորտում իրավիճակը ներկայացրեց Ռուսսոն:
Նա հիշեցրեց աստվածաշնչյան հերոսներին` Սառային ու Աբրահամին, նկատեց, որ Սառան էլ ի վերջո դիմել էր փոխնակ մայրության` խնդրելով իր աղախնին կենակցել Աբրահամի հետ և ծնվել էր նրանց որդին` Իսահակը:
Մասնագետի ներկայացմամբ, ֆրանսիացիները մեկնում են արտերկիր, փոխնակ մայրության միջոցով երեխա ունենում ու երեխայի հետ վերադառնում Ֆրանսիա: Այդ երևույթը ֆրանսիացիներն անվանում են` «վերարտադրողական տուրիզմ»: Այդպես են անում նաև հոմոսեքսուալ ամուսնությամբ զույգերը, քանի որ այդ երկրում նման ամուսնություններն այլևս արգլված չեն: Բայց այժմ, ըստ Ռուսսոյի, կարծես սայլը տեղից շարժվում է, և Սենատում այդ խնդրի մասին զեկույց է ընդունվել շուտավ հավանաբար օրենսդրական դաշտն էլ կկարգավորվի:
«Եթե ես համաձայն եմ իմ մարմինը տրամադրել, որ անպտուղ զույգերը երեխա ունենան, ապա ո՞վ եք դուք, պետական մարմիններ», -խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը հիմնավորում է ֆրանսիական իրավունքի մասնագետը:
Հայաստանում, օրինակ, կարող են փոխնակ մայրության դիմել նաև օտարերկրացիները: Մեր երկիրը օտարերկրացիներին կարող է փոխնակ մայրության միջոցով օգնել, երեխա ունենալ, բայց, ինչպես ասաց Կարինե Սարիբեկյանը, միասեռ ամուսնությունների դեպքում դա անհնար կլինի, քանի որ հայաստանյան օրենսդրության համաձայն, մեր երկրում ամուսնությունը կատարվում է կնոջ և տղամարդու միջև:
Գեորգի Օկոևն ասաց, որ այն, ինչ խնդիր կարող է լինել Ֆրանսիայում, իրենք իրենց երկար տարիների ընթացքում չեն հանդիպել Հայաստանում:
«Մենք Հայաստանում չենք ունեցել դեպք, երբ փոխնակ մայրերի ու այսպես կոչված` պատվիրատու ծնողների կամ երեխայի միջև խնդիրներ եղած լինեն: Ամեն ինչ կարգավորվում է պայմանագրով, կողմերն ի վերջո, պարտավորություններ են ստանձնում միմյնանց նկատմամբ», -ասաց Օկոևը:
Այս քննարկումների ընթացքում առողջապահության կազմակերպիչները կամփոփեն իրենց դիտարկումները, և ինչպես առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, կամրագրվեն օրենքի նախագծում:
«Փոխնակ մայրության ոլորտում խնդիրներ տեսնում ենք, որոնք պետք է փորձենք լուծել», -հավելեց նա: