Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է
Հայ Առաքելակն եկեղեցին այսօր նշում է Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ այսօր Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում (որոնք թեմում 3-ն են՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս) կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ս. Սարգսի աջը, նաև Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավերատանը կբերվեն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
Ժամը 14:00-ից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ, սկսվելու է խաչերթ: Ժամը 15:30-ին Սիրահարների այգում կայանալու է ավանդական մեծ տոնախմբություն:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ.22.00-ն:
Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:
Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:
Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:
Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն, Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև սիրո մեջ: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Դրանցից մեկը.
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ:
Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին:
Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ժողովրդական սովորություններից է նաև, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին