«Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էր»
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ: Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել: Իսկ բեմում այդ ամենը կա: Երբեք իմ դերերից ոչ մի հատված չեմ կատարել: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն: Ես դերասան եմ, որ միայն բեմի համար է: Բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը»: Այսպես է իր մասին ասել ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը:
Նա ծնվել է 1923 թվականի հենց այս օրը Ախալցխայում: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ 1944-1998 թվականներին:
Խաղացած ներկայացումներից են` Ի.Կալմանի «Սիլվա» (Բոնի), «Կրկեսի իշխանուհին» (Տոնի), «Բայադերա» (Նապոլեոն), Լ.դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» (Ալդեմարո), «Մարիցա» (Պենիժեկ), Յ.Շտրաուսի «Գնչուների բարոն» (Ստեֆան), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի» (Հիգինս), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» (Ֆիլիպ), «Ծաղրածուի որդին» (Իվան), «Տրեմբիտա» (Սուսիկ), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Գուրգեն), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Ղարա), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Սոկրատ), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Տոնիո և Զանետտո), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Թոդորոս), Վ.Վասերմանի, Լ.Միտչի «Լամանչեցի մարդը» (Դոն Կիխոտ), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Կնյազ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան» (Մակ Հիտ), Ա.Պապայանի«Մեծ հարսանիք» (Սուրեն) և այլն:
Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: 1949թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, ապա` հեռուստաթատրոնում: Ֆիլմերից են` «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.), «Պատվի համար» (1956թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.) և այլն: Նրա խաղացած ավելի քան 100 դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: Թատրոնում բեմադրել է 13 պիես` Ֆ.Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի.Կալմանի «Սիլվա», Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ», Է.Ռյազանովի, Է.Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» և այլն: Մահացել է Երևանում 1998 թվականին:
«Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա:
Դպրոցում սովորել եմ միջակ, վատ, հաճախ եմ «երկուսներ» ստացել: Բայց կներեք, իմ մասին ասում էին … ուսուցիչներս էին ասում. «Նա կարող է, բայց չի ուզում. շատ ծույլ է»: Եվ ես, իրո՛ք, չէի ուզում սովորել: Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էր: Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի երեքներով, հինգերը՝ ավելի քիչ:
Չեմ կարող ասել, որ չար չէի: Բայց չարաճճիությունը դարձյալ կապված էր թատրոնի հետ: Այն կայանում էր նաև նրանում, որ ես և ընկերներս շատ էինք տարված երաժշտությամբ, հատկապես ջազային: Այդ ժամանակ ջազը շատ մոդայիկ էր: 30-ական թվականներն էին, և ջազը համարյա արգելված էր: Իսկ մենք հենց ջազ էինք սիրում և երգում: Ինչ խոսք, մեզ վռնդում էին դասերից, նկատողություն էին անում, իսկ երբ մենք ներկայացումներով ապացուցեցինք, որ բնականորեն տարված էինք թատրոնով, շատ դեպքերում ներում էին և մեզ հետ խիստ չէին վարվում:
Ասում են՝ վատ հանդիսատես ունենք: Ըստ իս՝ վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների ժամանակ հանդիսատեսը աղմկում էր և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որը կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին:
Ըստ իս՝ թատրոնը, թատերական ներկայացումը առաջին հերթին տոն է: Զվարթության մեջ է թատրոնի ուժը: Մենք պետք է ձգտենք, որ ներկայացումները առաջին հերթին լինեն ուրախ: Այո, ուրախ: Խելամիտ և ուրախ»:
Կարպ Խաչվանքյան
(Կազմող-հեղինակ՝ Ս.Առաքելյան)
Նյութը՝ Ք.Ա.-ի (Karp Khachvankyan (Կարպ Խաչվանքյան ֆեյսբուքյան էջից)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում