Քննիչը դատարանի միջանցքներում որոշումներ չի կայացնում. ՔԿ-ն արձագանքում է Շուշանիկ Բախշյանի փաստաբանին
«Կարծում եմ` փաստաբանը տեղյակ է ընթացակարգին և շատ լավ գիտի, որ քննիչը դատարանի միջանցքներում որոշում չի կարող կայացնել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը` մեկնաբանելով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությունը:
Հիշեցնենք` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սիրունյանի բողոքը քննչական կոմիտեի` Բախշյանին ձերբակալելու որոշման դեմ և որոշել ազատ արձակել բժշկին: Սիրունյանը Panorama.am-ին ասել էր, որ Քննչական կոմիտեի քննիչը հեռացել էր դատարանից` «առանց որոշումը կատարելու»:
«Միայն Հայաստանում է հնարավոր նման բան` դատարանը որոշի, իսկ քննիչը չկատարի այդ որոշումը», -ասել էր պարոն Սիրունյանը:
«Քննիչը օրենքով սահմանված կարգով, ի կատարումն դատարանի որոշման, արգելանքից ազատելու որոշումը նա կայացրել է», -հավելեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդականը:
Նրա խոսքով, քննչական կոմիտեն, որպես վարույթն իրականացնող մարմին, բժիշկների կողմից տեղեկացվել է, կասկածյալ Շուշանիկ Բախշյանի ինքնազգացողությունը վատ է և չի կարող մասնակցել որևէ քննչական գործողության:
«Նախաքննության ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ», -հավելեց Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ քննչական գործողություններից հետո է միայն հնարավոր, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրի կասկածյալին, այս դեպքում` Շուշանիկ Բախշյանին:
Հիշեցնենք` հուլիսի 29-ին մահացել էր հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չէր կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ. Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել էր, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև վերջինիս նորածին դուստրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան