Ադրբեջանը ցանկանում է շարունակել պատերազմը՝ ոչ ռազմական ճանապարհով. քաղաքագետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցների ընդունումը որևէ նշանակություն չի կարող ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, ԵԽԽՎ-ի կողմից ընդունված փաստաթղթերը միշտ էլ մնում են թղթի վրա, մեկ ամիս հետո մոռացվում են. «Ադրբեջանը լուրջ մասնակցություն է ունեցել այդ բանաձևերի մշակման գործում: Դա վկայում է, որ Ադրբեջանը չի փնտրում լուծումներ գտնել ղարաբաղյան հիմնախնրդի կարգավորման հարցում, ընդհակառակը՝ ուզում է շարունակել պատերազմը, բայց ոչ ռազմական ճանապարհով: Ադրբեջանը հասկացավ, որ չի ստացվում ռազմական ճանապարհով հասնել հաջողության Հայաստանի նկատմամբ, փորձում է պայքարի մեկ այլ տարբերակ՝ արդեն միջազգային հարթակներում: Երբեմն ստացվում է, երբեմն ոչ»:
Ա.Իսկանդարյանի խոսքով, այն Ադրբեջանը, որ սկսել է այդ խաղն, արդեն չկա, արդեն ամբողջովին այլ Ադրբեջան է, որտեղ տեղի են ունենում կառուցվածքային լուրջ փոփոխություններ:
«Այսօրվա Ադրբեջանը լրիվ այլ է, և նրան չի հետաքրքրում ԵԽԽՎ-ն: Հնարավոր է, որ ընդունվեն բանաձևերը, բայց այսօրվա Ադրբեջանը չի կարող օգտվել որևէ բանից, առավել ևս ոչ այդքան լուրջ հայտարարություններից, բանաձևերից»,- նշեց նա:
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչ հունվարի 29-ը։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական այս 2 բանաձևերի նախագծերի քննարկումն ու քվեարկությունը, որը տեղի կունենա հունվարի 26-ին։