ԵԽԽՎ-ում յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն Ղարաբաղին ուղղված կրակոց կլինի
Հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի երկու բանաձև, որոնք արդեն որակվում են «հակահայկական» տերմինով: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցը և Ղարաբաղում Սարսանգի ջրամբարի օգտագործման մասին «Ադրբեջանի սահմանակից շրջանները կանխամտածված զրկած են ջրից» վերնագրով զեկույցը, որի հեղինակն է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը:
Եվ, չնայած քվեարկությունը ԵԽԽՎ-ում կայանալու է հունվարի վերջին՝ նոյեմբերի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ովքեր ուղղակիորեն զբաղվում են ղարաբաղյան կարգավորմամբ, ԵԽԽՎ-ում քննարկումների առնչությամբ հայտարարեցին, որ «հաշվի առնելով բանակցությունների նրբությունները, ձևաչափը փոխելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խանգարել բանակցային գործընթացին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ նրբանկատորեն հորդորում էին ԵԽԽՎ խորհրդարանականներին, որ ավելի լավ կլինի, եթե նրանք չմտնեն անծանոթ լաբիրինթոս:
Եթե նույնիսկ մի կողմ թողնենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության փաստը, որը գնում է ոչ միայն վերոնշյալ զեկույցների հեղինակներին, այլ նաև ԵԽԽՎ պատգամավորների ձայները, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կառույցն ինքնին՝ չնայած իր անվան ողջ հնչեղությանը, անկասկած չի հանդիսանում բավականին իրավասու և տեղեկացված՝ բանաձևեր ընդունելու համար այնպիսի զգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսին հանդիսանում է, օրինակ, Ղարաբաղյան հակամարտությունը: Գիտե՞ն արդյոք ԵԽԽՎ պատգամավորները, թե որտեղ է գտնվում Սարսանգի ջրամբարը կամ ինչի՞ արդյունքում են ի հայտ եկել այդ «օկուպացված տարածքները»: Գիտե՞ն արդյոք ով է եղել մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների նախաձեռնողը կամ ի՞նչ ֆաշիստական լեզվով է այսօր նախագահ Ալիևը խոսում անջատողական Արցախի բնակչության հետ: Ընդհանրապես ԵԽԽՎ այդ պատգամավորները պատկերացում ունե՞ն, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել երիտասարդ զինվորներ միայն այն պատճառով, որ հակամարտության կողմերից մեկը չի ցանկանում դիպուկահարներին հետ քաշել առաջնագծից:
Տեղեկացվա՞ծ են նրանք այն մասին, որ պաշտոնական Ադրբեջանի նման սանձարձակ պահվածքի «լուռ աջակցությունը» հանդիսանում է ոչ այլինչ, քան մարդկային կյանքի դեմ հանցագործությանը մեղսակցություն:
Հակամարտության կարգավորումը խնձոր կիսել չէ: Հաջակցություն այս կամ այն բանաձևի ձեռք բարձրացնելը՝ չհասկանալով դրա էությունը, ոչ թե ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմ է, այլ՝ օժանդակություն: Ընդ որում, այս դեպքում օժանդակություն է ռազմամոլ և ֆաշիստական քաղաքականությանը: Մի քանի տարի առաջ Հունգարիայի իշխանությունները դարձան ադրբեջանցի «սպա» Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության մեղսակից. Սաֆարովը հայ սպային սպանել էր կացինով, երբ վերջինս քնած էր:
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ամբողջությամբ կանգնած է այլ սպանություններին մեղսակից դառնալու եզրին, քանի որ հենց իր ռազմատենչ տրամադրությունները չթաքցնող Ադրբեջանի քաղաքականությանը լուռ մասնակցությունը, նշանակում է սահմանին ցանկացած սպանության հանցակից դառնալ:
Իհարկե, ԵԽԽՎ պատգամավորների դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դիրքորոշումը չէ: Եվ, իհարկե, ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը չունեն ոչ մի պարտադիր ուժ ո՛չ հակամարտության կողմերի, ո՛չ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար: Սակայն, բոլոր «իհարկե»-ների հետ մեկտեղ, Եվրոպայի բնակիչները, ովքեր ընտրում են իրենց խորհրդարանականներին, պետք է պատկերացնեն և հասկանան, որ նույնիսկ աշխարի այնպիսի մարդասիրական մասում, ինչպիսին Եվրոպան է, պատգամավորների ձայները, դժբախտաբար, ոչ միայն վաճառվում են, այլ նաև օգտագործվում են նրանց ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ լինելու կամ ուղղակի մարդկային անտարբերության հետևանքով: Ցանկալի կլիներ, որ պատգամավորներն իրենք էլ գիտակցեն ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ իրենց քվեարկության ողջ պատասխանատվությունը, երբ վերոնշյալ բանաձևերին կողմ քվեարկած ցանկացած ձայն ավելի շուտ հնչելու է որպես Ղարաբաղին ուղղված կրակոց, որի մասին այդ պատգամավորներից շատերը, դժբախտաբար, ոչինչ չգիտեն...
Էդգար Խաչատրյան, քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան