Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում:
Իրանի Նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության մասին:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը:
Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան