Այս պահին որևէ պաշտոնի, որևէ պորտֆելի հարց չենք քննարկել. Աղվան Վարդանյան
Այս շաբաթվա ընթացքում քննարկումները կշարունակվեն Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ և ավելի հստակ որևէ բան կհայտարարվի: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ամենակարևոր հարցը, բնականաբար, համագործակցության ձևաչափն է և այն, թե մենք ինչ ենք ակնկալում այդ համագործակցությունից: Բնականաբար, առաջինը, որ մենք ակնկալում ենք` երկրում փոփոխություններն են, այնպիսի փոփոխություններ, որոնք վստահություն, հույս կառաջացնեն, և մեր հանրությունը թեկուզ փոքր քայլերով կզգա, որ որակական տեղաշարժ է տեղի ունենում», -հավելեց դաշնակցական պատգամավորը:
Նա ասաց, որ տեղյակ չէ` ՀՀԿ-ի հետ համագործակցելու մասին հայտարարությունից հետո Դաշնակցություն կուսակցությունից դուրս գալու մասին դիմումներ եղել են, թե ոչ: Բայց նաև չբացառեց, որ կլինեն «մի երկուսը, առանձին անհատներ», որոնք կունենան տեսակետներ:
«Բայց դա չի նշանակում, որ մեկ-երկու հոգու կարծիքը Դաշնակցության տեսակետն է: Ես կափսոսամ ցանկացած դաշնակցականի համար, որ նման քայլի կդիմի», -հավելեց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ այս շաբաթվա վերջին Դաշնակցության բոլոր 50 կոմիտեների ներկայացուցիչների հետ հանդիպում կկայանա, որի ժամանակ կքննարկեն ՀՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության հարցեր:
«Այս պահին որևէ կոնկրետ պաշտոնի, որևէ պորտֆելի հարց չենք քննարկել: Նախնական փուլում ենք դեռ, կլինեն մի քանի ռաունդով քննարկումներ և տեսակետների համընկնումից հետո նոր կխոսենք դրանց մասին», -հստակեցրեց Վարդանյանը` նշելով, որ մամուլում տարածված տեղեկությունները հավաստի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին