ԵԽԽՎ նախագահը տեղը դրեց ադրբեջանցի լրագրողին՝ «Խոսքեր մի դրեք իմ բերանում»
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, որի լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես եկավ մամլո ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Անն Բրասյորին հարց ուղղելու ցանկություն հայտնեց նաև Ադրբեջանի հեռուստաընկերության լրագրողը։ Լրագրողը, սակայն, կարծեք թե մոռացավ հարցի մասին և հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ԵԽԽՎ-ն կքննարկի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները և որ «Խոջալուն ամբողջությամբ ավերվել է հայկական զորքերի կողմից 1992թ․-ի փետրվարի 26-ին և շուտով կլրանա այս ցեղասպանության 24-րդ տարելիցը»։
Ադրբեջանցի լրագրողն իր «հարցն» ամփոփեց այսպես․«Տիկին նախագահ, արդյո՞ք կցանկանաք Ձեր ցավակցությունները հայտնել Խոջալուի զոհերին։ Ասում եք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, բայց ինչպե՞ս, եթե ագրեսորը՝ Հայաստանը, չի ցանկանում ազատել օկուպացված տարածքները»։
Այս հարցադրմանը Անն Բրասյորը չափազանց կտրուկ պատասխանեց՝ ասելով, որ լրագրողը ոչ թե հարց ուղղեց, այլ հայտարարություն արեց։ Լրագրողը միջամտեց, թե սա ցեղասպանություն է այս տարածաշրջանում, Բրասյորը կրկնեց, որ պատասխան չի տալու այս «հարցին», լրագրողի միջամտությանը, թե նրանք զոհեր են, Բրասյորն ասաց․«Խոսքեր մի դրեք իմ բերանում։ Մենք պետք է համոզվենք, որ ԵԽ անդամ բոլոր երկրներում քաղաքացիների իրավունքները պաշտպանված են։ Սա է կարևորը։ Խնդրի լուծումը պետք է գտնենք միասին, իսկ փոխադարձ մեղադրանքներով լուծում հնարավոր չէ գտնել»։
Բրասյորը նաև ասաց, որ իր պարտավորությունների ստանձնման սկզբին փորձել է մեկ սեղանի շուրջ նստեցնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիարկություններին, սակայն չի հաջողել այս հարցում։ Բրասյորը հույս հայտնեց, որ իրեն հաջորդող նախագահը հաջողություն կունենա այս գործում։
Ասուլիսի ավարտից հետո անգամ ադրբեջանցի լրագրողները մոտեցան Անն Բրասյորին իրենց համար գոնե մեկ հարցի ցանկալի պատասխան ստանալու ակնկալիքով, սակայն Բրասյորն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի և արդեն պատասխանել է նրանց հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- Անն Բրասյոր. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն խաղաղ լուծում
- ԵԽԽՎ նախագահ․ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցների քննարկումը հնարավոր է տեղի չունենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան