Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։
Ինչպես արդեն հայտնի է, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական այս 2 բանաձևերի նախագծերի քննարկումն ու քվեարկությունը, որը տեղի կունենա հունվարի 26-ին։
ԵԽԽՎ-ն այս նստաշրջանում կընտրի ԵԽԽՎ նոր նախագահ՝ 1 տարի ժամկետով, որը երկարացվում է ևս 1 տարով։ ԵԽԽՎ նախագահի թեկնածուն է Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի ղեկավար, իսպանացի Պեդրո Ագրամունտը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Ագրամունտը Ադրբեջանի հարցով համազեկուցողն է, ում մշտապես քննադատում են Ադրբեջանի իրավապաշտպանները՝ Ադրբեջանի իշխանությունների հետ մտերմության և երկրում մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելիք առանցքային հարցերից են լինելու նաև Եվրոպայում միգրացիայի և փախստականների ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը։ Կքննարկվի նաև «Իրավիճակը Կոսովոյում» զեկույցը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը ԵԽ անդամ երկրներում։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղաարիայի նախագահը, Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող։