Կարևոր է, որ նման նվագախումբ գոյություն ունի և զարգանում է. Պենդերեցկի
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ ապագա ունի, մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել: Սրա մասին է վկայում այն, որ մեր հոբելյանական համերգին մասնակցելու է լեհ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Մեծ պատիվ է մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նրա խոսքով, մեծ ձեռքբերում է, որ աշխարհում շատ հայտնի երաժիշտներ են մասնակցելու այսօրվա համերգին:
Նշենք, որ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին մասնակցելու են՝ Նարեկ Հախնազարյանը,Ալեքսանդր Ռոմանովսկին,Հայկ Կազազյանը,Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին,Յուկա Ցուբոյը,Աստղիկ Սիրանոսյան: Համերգը ղեկավարելու են՝ դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը: Համերգին կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:
Ասուլիսին ներկա Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց, որ արդեն մի քանի անգամ ելույթ ունեցել է Երիտասարդական նվագախմբի հետ ու ամեն անգամ տեսել է նոր որակ, աճ, զարգացում:
«Ուրախ եմ, որ նվագախումբը՝ ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կարողացել է հասնել հաջողությունների: Կարևոր է, որ նման նվագախումբ գոյություն ունի և զարգանում է»,- ասաց Ք.Պենդերեցկին:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին