Գայանե Սահակյան. Գրիպի եղած պատվաստանյութը միայն քրոնիկ հիվանդների համար է
Հարցազրույց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:
-Այս պահին գրիպի պատվաստանյութ կա՞ Հայաստանում:
-Այս տարի բնակչության շրջանում պատվաստանյութի պահանջարկը բավականին մեծ է: Նախորդ տարիներին ռիսկի խմբի շրջանակում բավականին բարդ էր, դժվար էր իրացնելը, մեր մենթալիտետի մեջ կա մտածելակերպ, ասում ենք՝ լավ գրիպ է, կհիվանդանանք, կառողջանանք, որևէ լուրջ բան չի լինի:
Այս տարի համաճարակային վիճակով պայմանավորված պահանջարկը բավականին շատ է եղել: Մենք սեզոնից առաջ ենք 15 հազար դեղաչափ պատվաստանյութ ներկրել: Ի դեպ ասեմ, ամեն տարի այդ քանակությամբ է բերվել: Այս տարի սեզոնից առաջ ռիսկի խմբերը բոլորն իրենց պատվաստումները ստացել են: Այս փուլում պահուստային քանակությունները նախատեսված են միայն քրոնիկ հիվանդների համար, նրանց թվում են դիաբետիկները, սիրտ-անոթային հիվանդություններ, շնչառական համակարգի խնդիրներ ունեցողները: Ամեն տարի 15 հազար դեղաչափը սպառվել է, բայց նախորդ տարիներին դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվել, սեզոնի սկզբից՝ հոկտեմբերից մինչև սեզոնի ավարտը: Իսկ այս տարի դեռ սեզոնի կեսին ենք, բայց պատվաստանյութ չունենք: Եղածը բաժանված է պոլիկլինիկաներին, բայց առաջնահերթության կարգով հրահանգված է, որ պատվաստումները կատարվեն միայն քրոնիկ հիվանդներին:
-Ովքե՞ր են ներառված ռիսկի խմբերում:
-Յուրաքանչյուր տարի առողջապահության նախարարությունը ձեռք է բերում պատվաստանյութ միայն ռիսկի խմբի մարդկանց համար, այն մասսայական օգտագործման համար չի թույլատրվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվում են ռիսկի խմբեր և սեզոնային գրիպի պատվաստումներն իրականացվում են հենց ռիսկի խմբերի շրջանում: Քանի որ եթե ռիսկի խմբերը վարակվեն սեզոնային գրիպով, հիվանդությունն ավելի մեծ բարդություններով կընթանա:
Ռիսկի խմբի մեջ մտնում են նաև բուժաշխատողները, քանի որ հիվանդների հետ առաջին շփվողներն իրենք են: Առաջնահերթություն է տրվում նաև մանկատների երեխաներին, փակ կոլեկտիվներին ու նրանց սպասարկող անձնակազմերին:
-Ինչո՞ւ մյուս քաղաքացիներին չի կարելի պատվաստվել, ԱՀԿ-ն արգելո՞ւմ է:
-Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի արգելում, ԱՀԿ-ի կողմից սահմանված են ռիսկի խմբեր, որոնք պետք է առաջնահերթ պատվաստվեն: Իսկ մասսայական պատվաստումներ խորհուրդ չեն տրվում, քանի որ սեզոնային գրիպի ենթատեսակները փոփոխության են ենթարկվում, իսկ պատվաստանյութի բաղադրության մեջ մտնում են տվյալ պահին առավել մեծ շրջանառվող շտամները: Օրինակ, այս տարվա սեզոնի համար պատվաստանյութում ներառված են խոզի գրիպի՝ H1N1 տեսակը, A տեսակի H3N2 ենթատեսակը և B տեսակը:
-Ամեն տարի պատվաստանյութի բաղադրությունը փոփոխվո՞ւմ է:
-Միանշանակ: Պատվաստանյութը նախատեսված է մեկ տարվա համար: Հաջորդ սեզոնին արդեն կազմը փոփոխվում է, ԱՀԿ-ի կողմից առաջարկվում է տվյալ սեզոնին շրջանառվող շտամները, դրանք էլ ներառվում են պատվաստանյութի բաղադրության մեջ: Սրանից ելնելով, իմունիտենտ առաջացնելու ունակությունը միայն մեկ տարի է:
-Պատվաստանյութը ո՞ր երկրից է ներկրվում:
-Պատվաստանյութերի ներկրումն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով: Սա նշանակում է, որ տվյալ պահին հիմնադրամի գլոբալ մրցույթում որ արտադրողը կշահի: Նախարարությունն ընդհանրապես կապ չունի: Հիմնադրամը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ձեռք է բերում նախաորակավորված պատվաստանյութեր, երկրներին տրամադրվում է բավականին մատչելի գներով: Այս տարի մրցույթը շահել է հարավկորեական «Գրին քրոսս» ընկերությունը: Երկու վակցինա կա նախաորակավորված, դրանից մեկը հենց այս ընկերությանն է:
- Պատվաստանյութի արդյունավետության մասին ի՞նչ կարող եք ասել:
-Արդյունավետությունը բավականին բարձր է, անվտանգ է, ինակտիվացված՝ մասնահատված պատվաստանյութ է: Դա կարելի է անգամ հղիներին: Ռիսկի խմբի շրջանում իրականացրած պատվաստումները ցույց են տվել, որ բավականին արդյունավետ է, նրանց շրջանում դեռևս լուրջ բարդություններով ուղեկցվող դեպքեր չեն գրանցվել: Իսկ ընդհանրապես, որևէ պատվաստանյութ 100 տոկոսանոց արդյունավետություն չունի, դա կախած է օրգանիզմի առանձնահատկություններից, շրջանառվող տեսակից: Մարդը կարող է վարակվել այն տեսակով, որը պատվաստանյութի բաղադրության մեջ չի մտնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա