ՀԱՖՆ-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄԷ-ում, Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարվա ընթացքում ունի մի շարք համերգներ, որոնք նվիրված են լինելու Հայաստանի Անկախության 25-ամյակին: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Նվագախումբը տարվա ընթացքում հյուրախաղերով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում (փետրվար), Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, շարունակելու են բանակցությունները 2017-ին Չինաստանում և Ճապոնիայում նախատեսված հյուրախաղերի շուրջ:
Ինչ վերաբերում է փետրվարին Հայաստանում կայանալիք նվագախմբի համերգներին, տեղեկացրեցին, որ արդեն ծրագրված է երեք համերգ: Փետրվարի 5-ին իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվայի ղեկավարությամբ կոնտրաբասահար Նազարեթ Քյուրքչյանը (Իսպանիա) կկատարի Սերգեյ Կուսևիցկու Կոնտրաբասի կոնցերտը, նաև՝ Ռավելի Իսպանական ռապսոդիան և Ռախմանինովի սիմֆոնիկ պարերը:
Փետրվարի 12-ին մակեդոնացի ճանաչված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին կկատարի Պրոկոֆևի դաշնամուրային երկու կոնցերտները և հրեական թեմաներով նախերգանքները: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Փետրվարի 26-ին նվագախմբի հյուրն է լինելու գերմանացի դիրիժոր Լիոր Շամբադալը, ում հետ հանդես կգա նաև բրիտանացի ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին՝ ներկայացնելով Մենդելսոնի հայտնի Ջութակի կոնցերտը:
Մարտին 18-ին կայանալու է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված համերգ: