Մենք փոխեցինք մարդկանց վերաբերմունքն իրականության նկատմամբ. Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Այս մասին հայտարարվեց նախօրեին նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ:
«Համատեղ ուժերով ենք հասել նրան, ինչ այսօր ունենք։ Ունենք շատ լավ պատմություն, ձեռքբերումներ, և այս համերգը դրա ապացույցն է։ Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր գաղափարներին, հավատում է մեզ առաջ տանող գաղափարին։ Դա ամենակարևորն է։ Երաժշտի կյանքում կան լեգենդներ, ու մեզ համար շատ կարևոր է, որ մեր հոբելյանին ժամանել է մաեստրո Պենդերեցկին։ Երաժշտությամբ մենք կարողացել ենք ստեղծել այն մթնոլորտը, որը մեզ համար թանկ է։ Ես շնորհակալություն եմ հայտնում նվագախմբի բոլոր երաժիշտներին առանձին-առանձին։ Շնորհակալություն, որ ինձ դիմանում եք արդեն 10 տարի։ Դժվար աշխատանք է, բոլորիդ շատ սիրում եմ, մենք մի ընտանիք, մի թիմ ենք։ Եվ այն գաղափարը, որ մեզ ժամանակին միավորեց, ավելի ուժեղացրեց մեզ տարիների ընթացքում։ Մենք փոխեցինք մարդկանց վերաբերմունքն իրականության նկատմամբ։ Մեր երազանքը մեզ բերել է այստեղ, ու մենք շարունակելու ենք երազել։ Չէ՞ որ մենք պայքարող, հաղթող, անկախ Հայաստանի ծնունդն ենք»,- իր խոսքում ասաց Սերգեյ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Համերգին հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլլայի, Նիկոլա Պիովանիի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահարներ Յուկա Ցուբոյը, Հայկ Կազազյանը, թավջութակահարներ Աստրիգ Սիրանոսյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ակորդեոնահար/բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը։
Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նվագախմբի մի շարք անդամներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին
- Կարևոր է, որ նման նվագախումբ գոյություն ունի և զարգանում է. Պենդերեցկի
- Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում