Հռոմում կայացել է Իրանի նախագահի և Իտալիայի վարչապետի հանդիպումը
«Մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրները հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում կողմերի միջև տնտեսության, մշակույթի, առողջապահության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Իրանի նախագահն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով իրանաիտալական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Մենք երկար տարիներ գիտության, մշակույթի ու տնտեսության ոլորտում համագործակցություն ենք ունեցել Իտալիայի հետ, և մի ժամանակ Իտալիան եղել է մեր առևտրական առաջին գործընկերը: Իրանն Իտալիայի ժողովրդի, ինչպես նաև իտալական ընկերությունների հետ համագործակցության լավ փորձ ունի: Վստահ ենք, որ ունենալու ենք լավ համագործակցություն»:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Հասան Ռոհանին հավելել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերակատարությունը չափազանց կարևոր է, և եթե Իրանը չլիներ, ապա Իրաքում ու Աֆղանստանում չափազանց բարդ իրավիճակ էր ստեղծվելու: Միջուկային ծրագրի հարցում աշխարհը կարողացավ խնդիրը կարգավորել բանակցության միջոցով և քաղաքական հրաշք գործել: Այս ձևաչափը կարող է օգտակար լինել նաև Միջին Արևելքի, Աֆրիկայի, Եվրոպայի ու Ասիայի համար»:
Իտալիայի վարչապետն էլ իր հերթին, կարևորելով էներգետիկայի, գյուղատնտեսության, քաղաքաշինության և առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը, նշել է. «Իրանի հետ տնտեսական համագործակցությունը մեծ նշանակություն ունի Իտալիայի համար: Այն կարող է Իտալիային օգնել տնտեսական լճացումից դուրս գալու հարցում»:
Նշենք, որ այսօր նախատեսվում է Հասան Ռոհանիի այցը Վատիկան, որտեղ նա կհանդիպի Հռոմի Պապին, իսկ վաղը Ռոհանին Իտալիայից կուղևորվի Ֆրանսիա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները