Անվանի ռեժիսոր Յուրի Երզնկյանի ծննդյան օրն է
Յուրի Երզնկյան՝ հայ կինոյի երախտավորներից, ով իր ստեղծած ֆիլմերով մշտապես իր ուրույն տեղն ու դերը կունենա հայ կինոյի պատմության մեջ:
1922 թվականի հենց այս օրն է Թբիլիսիում ծնվել կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը:
1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940-1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է«Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ 1946-1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ 1948-1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1943-ից աշխատել է Հայֆիլմում (1953-ից՝ բեմադրող-ռեժիսոր): Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական իստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982)։
Մահացել է Մոսկվայում 1996 թվականին, թաղված է Երևանում։
Ֆիլմոգրաֆիա
«Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը» (1952), «Անասնաբույծների նվաճումները» (1952), «Հասցեատիրոջ նվաճումները» (1955), «Հովազաձորի գերիները» (1956), «Առաջին սիրո երգը» (1958), «Իմ ընկերոջ մասին» (1958), «Մեր թաղի ձայները» (1960), «Փառքի օղակներ» (1962), «Դժվար անցում» (1964), «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ» (1964), «Ապրում էր մի մարդ» (1968), «Երգում է Ռոզի Արմենը» (1968), «Կամուրջներ մոռացության վրայով» (1969), «Խաթաբալա» (1971), «Հայակական որմնանկարներ» (1972), «Երկուսից մինչև ութը» (1972), «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975), «Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի» (1977), «Սգավոր ձյունը» (1978), «Գոտեմարտ» (1982), «Ո՞ւր ես գնում զինվոր» (1985), «Հրաժեշտի յոթ նամակ»(1987): Վեց տասնյակից ավելի ֆիլմեր է ստեղծել Յուրի Երզնկյանը:
1979 թ. «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ:
Յուրի Երզնկյանի ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն էր «Խաթաբալա» կինոնկարը (ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի): Այդ առթիվ նա ասել է. «« Խաթաբալայի» էկրանացման գաղափարը ես փայփայել եմ երկար տարիներ: Չգիտեմ, թե երբ է դա ծնվել: Գուցե պատանեկությանս տարիներին, որ անց եմ կացրել Թբիլիսիում, գուցե թատրոնի հետ առնչվելիս, երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել կատակերգության բազմաթիվ ինքնատիպ ու անկրկնելի բեմադրություններ: Գուցե սերը դեպի այդ գործը ինձ տվել է իմ ուսուցիչը` մեծ արվեստագետ Ռուբեն Սիմոնովը, որը երկար տարիներ երազում էր «Խաթաբալա»-ն բեմադրել Վախթանգովի անվան թատրոնում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում