Կադրային քաղաքականության առումով ՀՀ ԶՈւ-ն հասել է արդյունքների. ՊՆախարար
Հայաստանի Զինված ուժերում առաջին անգամ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ամրապնդման կենտրոն, որի գործունեությունը ծավալվում է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում: Այդ մասին այսօր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները:
«ՀՀ Զինված ուժերը գոնե չորս ուղղություններով հասել են արդյունքների՝ դա մարդկային ռեսուրսների կառավարումն է՝ հատկապես կադրային քաղաքականությունը, սոցիալական ոլորտը, գնումների ողջ գործընթացը և զորակոչի անցկացումը, որի հիմքում դրվել է խառը համալրման սկզբունքը»,- լրացրեց նախարարը:
Կադրային քաղաքականության մասին Օհանյանի հայտարարությունից հետո լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նույն ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո ինստիտուտի մեծ թվով պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից: Մասնավորապես նրանց թվում էր ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, որն այժմ դատարանի առջև է կանգնած:
Սեյրան Օհանյանը ի պատասխան նկատեց, որ այդ գործով դատական նիստեր են կայանում, գործը քննում են իրավապահները: Անդրադառնալով Հայկազ Բարսեղյանի հետ կատարվածին, Օհանյանն ասաց, որ դա ինստիտուտի պատմության վրա սև բիծ էր և վտանգեց կառույցի հեղինակությունը: Նախարարի խոսքով, պաշտոնյան իր որդու համար արտոնյալ պայմաններ է ստեղծել ինստիտուտում և դրա համար պատասխանատվություն կկրի:
Սեյրան Օհանյանը կարծում է, որ վերջին տարիներին «բավական լուրջ» աշխատանք է տարվել արատավոր բարքերի դեմ պսյքարի շրջասնակներում: Եվ, նրա խոսքով, կրթական ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության արդյունքում այնպես, է արվել, որ բանակ «զորակոչվող զինծառայողների դաստիարակության մեջ զորամասի հրամանատարները ջանքեր շատ չթափեն»: «Այնպես ենք անում, որ զորակոչվող տղաները լինեն դաստիարակված և նրանց հիմնական աշխատանքի ուղղությունը լինի հայրենյաց պաշտպանի, այսինքն՝ զինվորի մասնագիտությանը լավագույն կերպով տիրապետելը», -հավելեց պաշտոնյան:
2016 թվականը հայտարարվել է հրամանատարական պատրաստության տարի, ինչի շրջանակներում բարձրացվելու է հրամանատարական կազմի մարտական պատրաստվածության մակարդակը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ գնդապետը հայտնվել է դատարանում
- Հայկազ Բարսեղյանի սպանության գործ. «Ի՞նչ կլնի, մոտենամ թքեմ դրանց երեսին, հետ գամ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան