«Եթե ապրեր, կարող էր որպես հերոս վերադառնալ բանակից»
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արամայիս Ոսկանյանի 20-ամյակը լրացավ երեկ, իսկ այսօր նա ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար հետմահու պարգևատվեց Արիության մեդալով:
Նրա հայրը՝ Յուրիկ Ոսկանյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից այսօր ստացավ որդու մեդալը:
2016 թ.հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Ոսկանյանը:
«Երեկ լրացավ տղայիս 20-ամյակը, այսօր պարգև ստացա նախագահից: Թանկագին պարգև է, սուրբ: Իմ ցավերի մի փոքր սփոփանք է: Կցանկանայի, որ այս պարգևը տղաս դոշին շողշողալով ներս մտներ: Բայց հիմա ի՞նչ անենք, զոհվել է հայրենիքի համար, ես հպարտ եմ իմ տղայով»,-նշեց Յուրիկ Ոսկանյանը:
Ասաց շնորհակալ է լրատվամիջոցների ու կառավարության ներկայացուցիչներին, բայց նույնը չի կարող ասել իրենց տարածաշրջանից պատգամավոր ընտրվածների մասին:
«Ոչ մեկ հեռագիր չուղարկեց»,-ասաց Գավառի բնակիչը:
Հունվարի 9-ին միակ որդուն կորցրած հոր մաղթանքը մեկն է, հայրենիքն խաղաղություն, որ էլ ոչ մի ծնող չզգա «բալա» կորցնելու վիշտը:
«Խաղաղ թող լինի, բոլորը գնան ու հետ գան, ուրիշ ի՞նչ մաղթեմ»,-ասաց նա:
Արամայիսն ընտանիքի միակ արու զավակն էր, երեք քույր ունի: Հայրը դժվարանում է որդու երազանքների մասին պատմել, ասում է, որ իսկական տղամարդ էր դարձել, ժամ ժամի վրա էր մեծանում:
«Եթե ապրեր, կարող էր որպես հերոս վերադառնալ բանակից: Սնայպերն է խփել: Վեց ամսի վեց օր էր մնացել տուն վերադառնալուն: Սովորում էր Ագրարային համալսարանում, ծրագրավորող էր: Սերը գցել էր բանակի վրա, ուզում էր աֆիցեր դառնալ, միշտ խոսալուց ասում էր՝ լավ կացեք, հեսա գալու եմ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն առավոտ որդուս ասում եմ՝ բարի լույս». Զոհված զինծառայողի մայր
- Սերժ Սարգսյան. Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան