Շիրակ Թորոսյան. «Խավիարը» բոլոր մութ անկյուններում լույս չի տալիս
ԵԽԽՎ-ն կարողացավ,այնուամենայնիվ, իր բարձունքին մնալ: Կարելի է հուսադրվել, որ ամեն ինչ կորած չէ և «խավիարը» բոլոր մութ անկյուններում լույս չի տալիս: Անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում հակահայկական երկու բանաձևերի քննարկմանն ու քվեարկությանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Լավ է, որ չի անցել: Վտանգավորը Ուոլթերի նախագիծն էր, որի վերնագիրը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» շատ վտանգավոր ձևակերպում ուներ: Այնքան վտանգավոր չէր «բռնություն» բառը, որքան «Ադրբեջանի գրավված տարածքներում և Լեռնային Ղարաբաղում» ձևակերպումը: Այսինքն անուղղակի կարգավիճակ է ֆիքսվում ԵԽԽՎ-ի կողմից»,- նշեց Թորոսյանն ու իր գոհունակությունը հայտնեց հայկական դիվանագիտական կորպուսի աշխատանքի համար:
Անդրադառնալով Միլիցա Մարկովիչի հեղինակած՝ «Ադրբեջանի սահմանակից բնակավայրերը զրկված են ջրից» բանաձևին, պատգամավորը նշեց, որ թիրախը Սարսանգի ջրամբարի ջուրն էր. մյուս բանաձևի համեմատ որոշակի «անմեղություն», այնուամենայնիվ, ուներ:
«ԵԽԽՎ-ն ուղղակի թույլ չտվեց, որպեսզի հակամարտության կարգավորման գործում առավելությունն անցնի Ադրբեջանին, գոնե ԵԽԽՎ մակարդակով: Իսկ եթե պարիտետային մակարդակով համեմատենք, ապա մենք ավելի շահեկան վիճակում ենք, քանի որ այդ երկու բանաձևերը համարժեք չէին: Ինչ-որ տեղ կարելի է նաև հաղթանակ համարել: Քանի որ Ուոլթերի բանաձևում ավելի լուրջ ձևակերպումներ կային ու ավելի լուրջ հետևանքներ կունենային, քան Միլիցա Մարկովիչի բանաձևը»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ շատ լավ կլիներ, որ երկուսն էլ մերժվեր:
«Զուտ արդարության և քաղաքական գործընթացները ճիշտ ու առողջ գնահատելու տեսանկյունից պետք է այդ նախագծերը չլինեին և լինելուց հետո էլ մերժվեին: Ակնհայտ էր այստեղ «խավիարային դիվանագիտության դրսևորումները»: Սակայն նշենք, որ ԵԽԽՎ-ն որոշակի քաղաքական արդարություն ապահովեց իր համար»,- ամփոփեց Շիրակ Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան