ՍԱՊԾ պետը հրաժարվում է պատասխանել անգամ գրավոր հարցերին
Հայաստանում դաբաղ հիվանդության դեպքի գրանցման տեղեկություններից հետո ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բացի Ռուսաստանից, ևս երկու երկիր արգելք է դրել Հայաստանից ներմուծվող սննդամթերքի ու ապրանքերի վերաբերյալ:
Հիվանդության ու հնչած հայտարարության վերաբերյալ մի քանի գրավոր հարցեր Panorama.am-ն ուղղեց ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանին: Սակայն դրանց պատասխանել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Ա. Հայրապետյանը ծառայության պետ է նշանակվել 2014թ. հոկտեմբերի 6-ին: Նա չի ամփոփել պաշտոնավարման 100 օրը, ոչ մի անգամ ասուլիս չի հրավիրել, Panorama.am-ի բանավոր հարցերին էլ հրաժարվել է պատասխանել:
Ինչևէ, ներկայացնում ենք Հայրապետյանին ուղղված հարցերն ու դրանց՝ անասնաբուժության տեսչության պետի՝ Հովհաննես Մկրտչյանի պատասխանները:
-Հունվարի 25-ի դրությամբ բացի ՌԴ-ից էլ ո՞ր երկրներն են դաբաղ հիվանդությամբ պայմանավորված անկայուն վիճակի պատճառով արգելել Հայաստանից սննդամթերք ու այլ ապրանքներ ներմուծել:
-ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից որոշ ապրանքատեսակների նկատմամբ սահմանված ներմուծման ժամանակավոր արգելքից բացի չունի այլ երկրներից ստացված պաշտոնական տեղեկատվություն:
-ՌԴ համապատասխան պետական մարմնից ՍԱՊԾ-ն ստացե՞լ է պաշտոնական գրություն ներմուծման ժամանակավոր արգելքի մասին: Մինչև ե՞րբ է գործելու հունվարի 20-ից ուժի մեջ մտած արգելքը:
-Ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից որոշ ապրանքատեսակների նկատմամբ սահմանված ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, իսկ արգելքի վերացման հարցը կքննարկվի Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության Դաշնային ծառայության փորձագետների ՀՀ այցից հետո, ովքեր Հանրապետություն են ժամանում 26.01.2016 թվականին:
-Դուք այդ օրերին գտնվում էիք ՌԴ մայրաքաղաքում: Ինչո՞ւ Ձեր բանակցություններն արդյունք չտվեցին, մասնագետները պնդում են, որ արգելք կարելի էր կիրառել միան Արմավիրի մարզից ներմուծման վրա:
-Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում է որոշվել սահմանել ներմուծման ժամանակավոր արգելք այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնք ՀՀ-ից չեն արտահանվում ՌԴ և ձեռք է բերվել պայմանավորվածություն հակադաբաղային նոր տիպի պատվաստանյութի ձեռք բերման հարցում:
-Ասուլիսում տեսչության պետ Հ. Մկրտչյանը հայտարարեց, որ այս պահին դաբաղով հիվանդ կենդանի Հայաստանում չկա: Դո՞ւք հաստատում ես այդ տեղեկությունները:
-Ինչ վերաբերում է իմ հայտարարությանն այն մասին, որ այս պահին դաբաղով հիվանդ կենդանի Հայաստանում չկա, ապա վերահաստատում եմ. այս պահին Հանրապետությունում չկա լաբորատոր փորձաքննությամբ հաստատված դաբաղ հիվանդության նոր դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Դաբաղի առեղծվածը. ՍԱՊԾ պաշտոնյայի ու գյուղապետի խոսքերը չեն համընկնում
- ՍԱՊԾ պաշտոնյան ասում է, թե դաբաղի դեպքը չի թաքցվել
- Պիպոյան. Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում գրանցված դաբաղի մասին իմանում ես Ռուսաստանից
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային