Երևանում հարգեցին Հոլոքոստի զոհերի հիշատակը
Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ այսօր ծաղիկներ խոնարհեցին քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ցեղասպանությունների դեմ պայքարն աշխարհում միշտ պետք է լինի հրատապ թեմա:
«Պետք է պայքարենք, որ աշխարհում որևէ ձևով չկրկնվեն ազգի, էթնիկական խմբի դեմ ուղղված ոճրագործությունները»,-ասաց պատգամավորը:
Հոլոքոստ (The Holocaust - Ողջակիզում), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: