ԵԽ գլխավոր քարտուղարն այս անգամ էլ չխնայեց Ադրբեջանին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նախօրեին ելույթ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ով խորհրդարանականներին կոչ արեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան իրենց համար ուղեցույց դարձնել։ Յագլանդը, խոսելով Եվրոպայի առաջ ծառացած բազում մարտահրավերների մասին, ասաց, որ Կոնվենցիան համընդհանուր բառարան է, արժեքների փաթեթ, որը պետք է հարգեն բոլոր երկրները։ Յագլանդը որպես Կոնվենցիայի չկիրառման օրինակ ներկայացրեց Ադրբեջանը և Իլգար Մամադովի գործը, ով բանտարկված է Ադրբեջանում և նրա նկատմամբ վերաբերմունքը դաժան է։
«Մամադովը միակ մարդը չէ Եվրոպայում, ով բանտարկված է, բայց չպետք է լիներ, սակայն նա միակ դեպքն է, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մայրցամաքում բարձրագույն դատական ատյանը, կոչ է արել ազատ արձակել նրան»,-ասաց Թորբյորն Յագլանդը։
Ելույթից հետո հարցուպատասխանի ժամանակ այս անգամ ևս ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան հարց ուղղեց «ադրբեջանցի 1մլն տեղահանվածների մասին, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տները»։
Գլխավոր քարտուղարի ճշտող հարցին, թե նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պատգամավորը պատասխանեց այո։
«Ես բազմիցս ասել եմ այս վեհաժողովում, որ հակամարտության լուծումը գտնելու մանդատը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքերում։ Այնուամենայնիվ, ես համաձայն եմ, որ լուծումը պետք է գտնվի շտապ և լինի այնպիսի լուծում, որը հիմնված է Կոնվենցիայով Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների վրա։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային, եթե որևէ մեկը ցանկանում է հակամարտության լուծումը գտնել։ Ավելին, փախստականների ճգնաժամը լուծելու միակ միջոցը, որին մենք բախվել ենք ներկայումս, հակամարտությունների դադարեցումն է»,-պատասխանեց Յագլանդը՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես գործել, եթե Եվրոպայի խորհրդին խնդրեն ինչ-որ ձևով օգնել՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին