«Ուղղակի ուզում եմ, որ էդ մի որդուս ինձ տան». Զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի մոր խնդրանքը
Ռուբեն Ալեքսանյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերոսին գործողությունների ժամանակ ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար զոհվել էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար հետմահու պարգևատվրեց Արիության մեդալով:
Որդու մեդալը ստացավ մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը:
«Որդիս հերոսաբար է կռվել, անգամ մի փամփուշտ իր համար չէր պահել, 120 փամփուշտ վիրավոր վիճակում կրակելով՝ զոհվել էր»,- նախագահական նստավայրում որդու պարգևը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Ալեքսանյանը:
Նա չորս զինվոր է պարգևել հայրենիքին. «Ռուբենը երկվորյակ եղբայր ունի, ով հիմա ծառայության մեջ է: Տաշիրի հիվանդանոցում երբ ծնվեցին, բժիշկներն ասում էին՝ եթե մեր պետությունը աղքատ չլիներ, իսկ գիտենք, թե 1996 թվականը դժվար տարիներից մեկն էր, պետք է քեզ այստեղից զարդարված դուրս հանի, որովհետև չորս զինվոր ես տալիս: Նախագահն այսօր հարցրեց՝ էլի զինվոր տվել եք, ասացի՝ չորս»:
Ռուբենի երկվորյակ եղբայրն այժմ ծառայում է Ստեփանակերտում:
«Խնդրում եմ, որ այս տղայիս ազատեն ծառայությունից: Դեկտեմբերի վերջին դիմում եմ ներկայացրել, իրենք միաբջիջ երեխաներ են ու զույգի մյուսը շատ ծանր է տանում եղբոր մահը, անգամ զգացել է, որ նրան խփել են, տեղից վեր է թռչել։ Ուղղակի ուզում եմ, որ էդ մեկին ինձ տան»։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Այդ խնդրանքն արդեն իսկ կատարված է: Հրամանը կա, մյուս որդին կտեղափոխվի ավելի մոտ տարածք ծառայությունը շարունակելու համար և ոչ առաջին գիծ»:
Հարակից հրապարակումներ`
- «Թշնամին չի կարա մեզանից ուժեղ լինի.իրենք շատ են, բայց մեր նման դուխ չունեն». զինծառայող Ա. Երեմյան
- «Եթե ապրեր, կարող էր որպես հերոս վերադառնալ բանակից»
- «Ամեն առավոտ որդուս ասում եմ՝ բարի լույս». Զոհված զինծառայողի մայր
- Սերժ Սարգսյան. Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան