«Ցեղասպանությունը ժխտող ամերիկացի թրքուհու դիմանկարը». Հարութ Սասունյան
Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում...
Նման ամերիկացի թուրքերից մեկը Օյա Բեյնն է, որը թուրքական ժխտողական HistoryofTruth.com կայքում վերջերս հրապարակված հարցազրույցում ներկայացվում է որպես «Ամերիկայի թուրքական սփյուռքի առավել ակտիվ անուններից մեկը»: Նա Միացյալ Նահանգներում գործող թյուրքալեզու 60 միությունների համախմբում հանդիսացող Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA) խորհրդի անդամ է:
Բեյնը պնդում է, որ ATAA-ի երկար տարիների ջանքերից հետո՝ կազմակերպելով «դասախոսություններ, համաժողովներ, ծրագրեր հայկական կեղծ պնդումների մասին ԱՄՆ-ի ողջ տարածքում, 2015 թվականին [Հայոց ցեղասպանության հարյուրամյակ] նման ծրագրերն իրենց հաճախականությամբ և թափով հասան իրենց գագաթնակետին»: Նա հավելում է, որ «զգալիորեն աճել է լուրջ մտավորականների և ակադեմիկոսների թիվը, որոնք անաչառորեն ուսումնասիրում են օսմանյան ժամանակաշրջանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և հրապարակում իրենց եզրակացությունները առանց նախորդ տարիների հայկական սպառնալիքների և ահաբեկման»:
Հետաքրքրական է, որ Բեյնը օգտագործում է՝ «մենք ունենք լուրջ մտավորականներ» ձևակերպումը, երբ թվարկում է ժխտողական գրողների անունները՝ Էդ Էրիքսոն, Մայքլ Գունտր, Գյունտեր Լուի, Թալ Բուենոս, Ջերեմի Սոլթ, Նորման Սթոուն, Քրիստոֆեր Գան, Մաքսիմ Գոյին և Փեթ Ուոլշ: Կոնկրետ ի՞նչ նկատի ուներ Բեյնը՝ ասելով «մենք ունենք» նրանց: Այս արտահայտությունը անշուշտ «մահացու հարված» է իրեն հարգող ցանկացած մտավորականի համար...
Պատասխանելով Վաշինգտոնում հայերի և թուրքերի միջև հարաբերությունների վերաբերյալ հարցին, Բեյնն օգտվելով առիթից հարձակվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վրա. «Այո, մենք բարեկամներ ունենք հայկական համայնքում: Թուրքիայի հայերը ջերմ են, ընկերական և սիրում են մեզ: Սակայն մենք բախվում ենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նման մի կառույցի, որն անդրդվելիորեն թշնամական և բացասական կազմակերպություն է, ինչպես նաև՝ նախապաշարմունքների, չափազանցությունների և բացահայտ կեղծիքների լրատվամիջոցներում, քաղաքական և գիտական շրջանակներում»: Նրան նաև դուր չեն գալիս իմ շաբաթական հոդվածները. «Հենց վերջերս, ծայրահեղական գրող Հարութ Սասունյանի 2015 թ. հոկտեմբերի 20-ի հոդվածը վերնագրված էր՝ «Ցեղասպանության ժխտումն արգելելու համար՝ Եվրադատարանը հայերին հրահրում է բռնության»:
Փակելով իր աչքերը Թուրքիայի կառավարության կողմից ամեն տարի ծախսվող միլիոնավոր դոլարների վրա՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին, հեղինակներին և այսպես կոչված մտավորականներին շահագործելու համար, Բեյնը չափազանցնում է Հայ Դատի հանձնախմբի և Հայկական համագումարի չնչին միջոցները, նրանց կեղծորեն նկարագրելով որպես «լավ ֆինանսավորված, շքեղ գրասենյակներ և մեծ աշխատակազմ ունեցող կառույցներ.... Դա անկասկած մի հսկա առևտուր է»:
Բեյնը հպարտորեն հայտնում է, որ Թուրքական խմբավորումը Ներկայացուցիչների պալատում 2005 թվականի 62-ի փոխարեն այժմ ունի 151 անդամ: Ընդունելով, որ փողով քվեներ են գնվում, ինչպես Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթի դեպքում, նա պնդում է. «Մենք այնքան քվերներ չունենք, ինչպես հայկական և հունական համայնքները, սակայն կարող ենք ֆինանսական և կամավորական աջակցություն ապահովել»: Բեյնը հարձակվում է սենատոր Մենենդեսի և Ներկայացուցիչների պալատի անդամներ Փալոնեի և Փելոսիի վրա, նրանց բնութագրելով որպես «[Կոնգրեսի] անուղղելի անդամներ, որոնք շատ կարծր և թշնամական են թուրքերի հանդեպ»:
Որպես վարժ քարոզչություն անող, Բեյնը նշում է, որ իր կազմակերպությունը փորձում է սիրաշահել, ես կասեի «խաբել», Կոնգրեսի անդամներին, նրանց ներկայացնելով «Հայաստանի հետ հաշտեցման պատգամ»: Որպես օրինակ, նա մեջբերում է «ATAA-ի աջակցությունը 2009 թվականի Հայ-թուրքական արձանագրություններին, հատկապես անաչառ պատմաբաններից կազմված անկախ հանձնաժողովի ստեղծմանը՝ հայ-օսմանյան հակամարտությունը ուսումնասիրելու համար»: Նրան շատ ձեռնտու է մոռացության տալ, որ Թուրքիան համառորեն հրաժարվում է վավերացնել այդ Արձանագրությունները...
Ընդունելով, որ ATAA-ն հիմնադրվել է 1979 թ.-ին, այն ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Շյուքրու Էլեքդաղի կողմից, Բեյնը ակամա բացահայտում է ATAA-ի ընդարձակ քաղաքական գործունեությունը, որը խախտում է կազմակերպության ոչ շահութաբեր կարգավիճակը... Նա անխոհեմորեն կոչ է անում ATAA-ի խմբերին «դուրս գալ այն վտանգավոր մտածելակերպից, թե որպես 501-c-3 [ոչ շահութաբեր] կազմակերպություն, նրանք չեն կարող քաղաքականապես ակտիվ լինել: Այս մոտեցումը լրջորեն խոչընդոտում է մեր ջանքերին՝ վիճարկելու տարածաշրջանային հայկական ամբաստանությունները»: Բողոք պետք է ներկացնել Ամերիկայի Ներքին եկամուտների ծառայություն (IRS)՝ սահմանափակելու կամ դադարեցնելու ATAA-ի լոբբիստական գործունեությունը:
Հնարավոր է, որ ATAA-ն խախտում է նաև Միացյալ Նահանգների այլ օրենքները: ATAA-ի և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան միջև հարաբերոթյունները որակելով որպես «գերազանց», Բեյնն ընդունում է, որ Վաշինգտոնում իրար հաջորդող թուրք դեսպանները մշտապես «մեծ աջակցություն» են ցուցաբերել ATAA-ին, ինչպես օրինակ «դեսպանատանը տեղի ունեցող բազմաթիվ հոյակապ դրամահավաք միջոցառումների» հովանավորումը: Թվում է, թե նա չի գիտակցում, որ իր ինքնահավան բացահայտումներով կարող է ATAA-ին լուրջ իրավական խնդրի առաջ կանգնեցնել, որը պահանջում է գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես «օտարերկրյա գործակալ»:
Իր եզրափակիչ խոսքում Բեյնը մեղադրում է ամերիկյան լրատվամիջոցներին՝ «կողմնակալության, Թուրքիայի մասին ցանկացած լավ լուր արգելելու, քողարկված խտրականության համար»: Այնուհետև նա հավելում է. «Լրատվամիջոցների կողմնակալությունը շատ ավելի վատթարացավ 2015 թ. ապրիլի 24-ին՝ հարյուրամյակի հայկական պահանջների ժամանակ.... Ամենայն հավանականությամբ, ևս 100 տարի կպահանջվի հակադարձելու և թյուրըմբռնումները ուղղելու համար»: Բեյնը ապարդյուն հույսեր է փայփայում, որ «առաջիկա 100 տարում հայկական կեղծիքը և քարոզչությունը կմաքրվի և երևան կգա հավասարակշռված տեսակետ հայ-թուրքական ողբերգության վերաբերյալ՝ հարգելով երկու ժողովուրդների տառապանքները և կորուստները 1915-ի ընթացքում: Ես կարծում եմ, որ հայկական ողբերգությունն այժմ այնքան է արժեզրկվել գռեհիկ քարոզչության պատճառով, որ ավելի ցած իջնելու տեղ չունի.... Ցանկալի է, որ համացանցը ի վերջո մաքրվի հայկական պահանջատիրության մասին կեղծ տեղեկատվական աղբից: Ես լիահույս եմ հաջորդ 100 տարվա համար: Հոսանքի ուղղությունը փոխվում է»:
Անհրաժեշտ է, որ հայերը հակազդեն ոչ միայն Թուրքիայի կառավարության լոբբիստական քարոզարշավներին, այլև Օյա Բեյնի նման «միայնակ գայլերին»՝ առանց անցնելու բարեկրթությաև և օրինականության սահմանները...
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին