«Ուզում եմ, որ մեր զոհված զինվորների ծնողներն իմանան, որ իրենց որդիները հերոսներ են». Սեյրան Օհանյան
«Մեր զինծառայողների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք և կանխարգելել, և պաշտպանել, ինչպես նաև հակառակորդին զսպել, որպեսզի իրենք չխախտեն հրադադարի պայմանագիրը, որն այսօր գոյություն ունի: Սակայն այս իրողության պայմաններում ունենում ենք նաև զոհեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրերով 19 զինծառայող Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար հետմահու պարգևատրել են Արիության մեդալով: Զոհված զինծառայողների պարգևներն այսօր նախագահական նստավայրում ստացան նրանց ծնողները:
Նշենք, որ Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
«Այս իրականության մեջ մեր հերոսների կյանքն է, որ փրկում է մեր ժողովրդի արժանապատվությունը, մեր բանակի պատիվը, մեր ժողովրդին տանում է դեպի միաբանում: Մենք խոնարհվում ենք բոլորի առջև անուն առ անուն և երևի թե յուրաքանչյուր ընտանիքի վիշտը սփոփում է տվյալ անձնավորության արժանապատվությունը, հասարակության կողմից վշտակից լինելը, ցավը կիսելը և ժամանակը: Ուզում եմ, որ մեր զոհված, անմահ զինծառայողների ծնողներն իմանան, որ իրենց որդիները հերոսներ են և առաջին իսկ րոպեից պետք է հպարտություն ապրենք նրանց սխրանքի, անձնազոհության առջև, քանի որ իրականության մեջ հաղթանակների բերկրանքը մենք կարող ենք նաև զգալ արի զավակների սխրանքի շնորհիվ: Մենք ասում ենք, որ նրանց չենք կորցրել, նրանք մեր շարքերում են, նրանք մեր հերոս զավակներն են, մեր հերոս ընկերներն են, բայց, այնուամենայնիվ, ընտանիքի, ծնողի վիշտ այլ է և, կարծում եմ, որ մենք բոլորս պետք է կանգնած լինենք նրանց կողքին և այդ վիշտ կիսենք: Իհարկե, եթե մենք բոլորին շնորհավորում ենք բանակի օրվա կապակցությամբ, ապա առաջին հերթին բանակի տոնը հենց նրանց տոնն է, նրանց անձնուրաց, քաջարի, հանդուգն, վճռական կեցվածքի շնորհիվ է, որ մեր բանակն այսօր կատարելագործվում է և ապահովում մեր անվտանգությունը»,- ասաց պաշտպանության նախարարը:
Ս.Օհանյանի խոսքով, պայքարն իր մեջ պարունակում է նաև նվիրյալներ, որոնց կյանքը, արյունը ժողովրդի խաղաղ արարման համար պայմաններ է ստեղծում:
«Ասացեք որևէ մի ժամանակահատված, որ մեր ժողովուրդը հեշտությամբ է ապրել, մեզ չեն ահաբեկել: Միշտ էլ տարբեր հարվածներից գոտեպնդված և հաղթանակով ենք դուրս եկել: Եվ գտնում եմ, որ այսօր էլ պետք է հաղթանակով գոտեպնդվենք, քանի որ առանց դրա այս դժվարին պայմաններում մենք չենք կարող մեր ժողովրդի ապագան կերտել:
Եթե լինեն փորձություններ, իսկ ես վստահ եմ, որ կլինեն, քանի որ մենք գործ ունենք մի այնպիսի հարևանի հետ, որը մարդկային լեզուն շատ դեպքերում չի հասկանում, ապա այդ փորձություններից դուրս գալու համար կա երկու սրբություն, որոնց ուժին պետք է ապավինենք ՝ Հայոց բանակի հրամանատարությունը և նրանց ենթական զինվորները»,- նշեց Ս.Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ուղղակի ուզում եմ, որ էդ մի որդուս ինձ տան». Զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի մոր խնդրանքը
- «Թշնամին չի կարա մեզանից ուժեղ լինի.իրենք շատ են, բայց մեր նման դուխ չունեն». զինծառայող Ա. Երեմյան
- «Եթե ապրեր, կարող էր որպես հերոս վերադառնալ բանակից»
- «Ամեն առավոտ որդուս ասում եմ՝ բարի լույս». Զոհված զինծառայողի մայր
- Սերժ Սարգսյան. Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան