Վահրամ Աթանեսյան. ԵԽԽՎ պատվիրակների վրա ազդել է նաև Մինսկի խմբի հայտարարությունը
Բրիտանացի պատգամավորի հեղինակած զեկույցը չի ընդունվել, քանի որ այն ուղղակի կարող էր ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում հակահայկական երկու բանաձևերի քննարկմանն ու քվեարկությանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Այսինքն՝ այդ զեկույցում կային ձևակերպումներ, որոնք բացահայտորեն աղավաղում էին Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը: Եվ կարծում եմ՝ ԵԽԽՎ պատվիրակների վրա ազդեցություն է ունեցել ոչ միայն Հայաստանի պատվիրակության աշխատանքը, այլև Մինսկի խմբի համանախագահների նախորդիվ տարածած հայտարարությունը»,- նշեց Վ.Աթանեսյանը՝ հավելելով, որ առաջին զեկույցը մերժելու հիմքը անհանգստությունն է եղել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել դա՝ նենգափոխելու Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցությունները:
Ըստ Աթանեսյանի, երկրորդ զեկույցը, էական խնդիր չի շոշափում, չունի քաղաքական այնպիսի ընդգծված քաղաքական ֆոն, որ կար Ուոլթերի զեկույցի հիման վրա բանաձևում:
«Այնտեղ իրենց լեզվով ասած, հումանիտար իրավիճակի հանդեպ մտահոգություն է արտահայտվում, թեև իրականում դա նույնպես իրականության նենգափոխում է, քանզի ԼՂՀ իշխանություննները մի քանի անգամ Ադրբեջանին առաջարկել են քննարկել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման, Ադրբեջանի կողմից որևէ տնտեսական համագործակցության քայլերի գնալու պատրաստակամության խնդիրը, բայց Բաքուն միշտ էլ մերժում է Արցախի հետ ուղղակի երկխոսությունը»,- նշեց նա:
Վահրամ Աթանեսյանը տարօրինակ համարեց երկրորդ զեկույցի վերնագրի ձևակերպումը եվրոպացի պատվիրակների տեսանկյունից:
«Այնտեղ կա Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ ձևակերպում, որտեղ խոսքը ԼՂՀ-ին հարակից շրջանների մասին է և եթե ԵԽԽՎ-ում ընդունվում է, որ դա ԼՂՀ հետ սահմանակից շրջաններն են, ապա այդ բանաձևի կարևորությունը մի փոքր տարօրինակ է թվում նույնիսկ ադրբեջանական կողմի տեսանկյունից նայելիս: Չեմ կարծում, թե ադրբեջանցի պատվիրակները հասկացել են, որ այդ զեկույցի վերնագիրը կարող է հայկական կողմից քարոզչական նպատակներով օգտագործվի, որովհետև այնտեղ հստակ նշվում է, որ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից»: Այս տեսանկյունից, եթե այդ զեկույցը այդքան նշանակություն ունի, ապա մենք կարող ենք վաղը զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել սահմանասյուներ և գրել որ ըստ Միլիցա Մարկովիչի, ահա այստեղից սկսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանը»,- նշեց Վ.Աթանեսյանը:
Ըստ Աթանեսյանի, ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի պաշարների օգտագործմանը, ուստի դա կարող է լինել միայն փոխադարձ համաձայնության հիման վրա, ինչպես որ կոնֆլիկտային այլ տարածաշրջաններում նման դեպքերը լուծվում են երկխոսությամբ:
«Օրինակ՝ Աբխազիայում Վրաստանի տարածաշրջանի ամենահզոր Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը հավասարապես էլեկտրաէներգիա է մատակարարում և՛ Աբխազիային, և՛ վրացական կողմին: Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունը մինչև այսօր տնտեսական հարաբերություններ ունի Մոլդովայի հետ և նույնիսկ Մերձդնեստր այցելող հյուրերը անցնում են Քիշնևի օդանավակայանով և ոչ մի խնդիր չի առաջանում: Եթե խնդիրը դիտարկենք այս տեսանկյունից, ապա բանաձևը գուցե կոչ է Ադրբեջանին, որ երկխոսություն սկսի ԼՂՀ իշխանությունների հետ կարգավորելու այդ խնդիրը: Գուցե ԵԽԽՎ պատվիրակները հիմք են ընդունել այդ հանգամանքը կողմ քվեարկելով այդ զեկույցի հիման վրա բանաձևին»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան