ՄԻԵԴ նախագահ․Դատարանը քաղաքական որոշումներ չի կայացնում
Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիի տարեկան մամուլի ասուլիսը, որտեղ նախագահը ներկայացրեց 2015թ․-ին ՄԻԵԴ գործունեության, ստացված հայցերի, կայացված վճիռների վերաբերյալ տվյալներ և պատասխանեց լրագրողների հարցերին։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հարցին, թե վերջին տարիներին դատարանը հաճախ մեղադրվում է քաղաքականապես մոտիվացված որոշումների կայացման մեջ, ինչ է կարծում այս մասին նախագահը՝ Գուիդո Ռայմոնդին կտրականապես մերժեց տեսակետը՝ նշելով, որ այդպես չի կարող լինել։
Լրագրողի բերած օրինակին՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործը», և ճշտող հարցին, թե արդյո՞ք դատարանի իրավասության մեջ է քննարկել, թե եղել է հայոց ցեղասպանությունը, թե չի եղել, հոլոքոստի հետ համեմատություններ անցկացնելը, Ռայմոնդին ասաց․ «Իհարկե, ես կդժվարանամ կոնկրետ գործերի հետ կապված մեկնաբանություններ անել, բայց կասեմ, որ որոշումների կայացման ժամանակ չկա քաղաքական մոտիվացիա»։
Հարցին, թե որոշ անդամ երկրներ հրաժարվում են կատարել ՄԻԵԴ որոշումները, արդյո՞ք այն երկարաժամկետ կտրվածքով չի հանգեցնի դատարանի նկատմամբ վստահության անկման, նախագահն ասաց, որ ՄԻԵԴ վճիռների չկատարումն առաջին հերթին պայմանավորված է դժվարություններով, իսկ վճռի կատարումը մերժելն այլ խնդիր է, որոնք շատ քիչ են և կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։
«Սակայն, իհարկե, չպետք է թերագնահատել այս դեպքերը։ Կոնվենցիայում առկա է հոդված 46-ը, որը երկիրը կամ կատարում է, կամ ոչ։ Եթե՝ ոչ, ապա տրամաբանությունն այն է, որ երկիրը չի կարող շարունակել մնալ այս համակարգում»,-ասաց Գուիդո Ռայմոնդին։
Վիճակագրությունում նշվում է, որ 2015թ․-ին ՄԻԵԴ ստացվել է 40.650 հայց, որը 28 տոկոսով պակաս է 2014թ․-ին ստացված հայցերից։ 2015թ․-ին դատարանը կայացրել է 45.576 վճիռ և որոշում, 2014թ․-ի համեմատ՝ 86.068 վճիռ և որոշում, այս թիվը գրեթե կրկնակի նվազել է։ 2015թ․-ին Հայաստանի նկատմամբ կայացվել է 8 որոշում։ ՄԻԵԴ ներկայացրած հայցերի ամենամեծ բաժինն ընկնում է Ուկրաինային, Ռուսաստանին, Թուրքիային, Իտալիային, Հունգարիային, Ռումինիային Վրաստանին, Լեհաստանին, Սլովենիային և Ադրբեջանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան