Դավիթ Ամալյան. Դիրքում կանգնած տղան մեզ համար մտավորական է
«Անկախության տարիներին շատ արժեքներ կորցրեցինք, բայց ամենակարևորը պահպանեցինք՝ ազատագրված Արցախ և ստեղծված հայոց բանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ըստ նրա, այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը, անընդհատ պատերազմները վկայում են, որ հայկական բանակը պետք է պատրաստ լինի, ամեն ինչ արվի հզորացնելու, ամրացնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր պահելու համար:
Ասուլիսին ներկա ղարաբաղյան պատերազմի մասնակից, երգահան Դավիթ Ամալյանը հիշեց ռազմի դաշտում անցկացրած տարիները, իրենց ջոկատը՝ «ճտերի ջոկատ», քանի որ հիմնականում 15-17 տարեկան տղաներ են ընդգրկված եղել, ապա նշեց. «Ինձ համար հեքիաթային անցյալ էր, որ կրկնվելու կարիք չկա, ոչ մեկս չենք ուզում, որ կրկնվի այդ հեքիաթը»:
Ըստ նրա, դիրքում կանգնել նշանակում է երկրին, խաղաղությանը, ընտանքին տեր լինել. «Գնում հասնում է դիրք, այդ տղան դառնում է մտավորական: Դիրքում կանգնած տղան մեզ համար մտավորական է: Տա Աստված խաղաղությամբ վերադառնա, հաստատ լցված կլինի այն էությամբ, որ իր անելիքն ավելի հոգևոր առումով կշարունակի: Ինչ դառնա, ավելի լավ կանի, լրիվ կանի»:
Դ. Ամալյանի խոսքով, բանակը, երկիրն ընթացք է, որը երբեք չի ավարտվում:
«Բանակն անընդհատ սերնդափոխվում է, դրական ու բացասական երևույթներ են լինում, վերանում են, նորերն են լինում, զենքների տեսակները հնանում են, նորերն են ձեռք բերվում»,- նշեց նա: