Տիկին Աշխենն այս տարի էլ տոնը սահմանը պահողների հետ նշեց
Արդեն չորս տարի՝ Եղեգնաձորի բնակչուհի Աշխեն Մարգարյանը Հայոց բանակի օրը դիմավորում է սահմանը պահողների հետ:
Մի ոտքից զրկված, անվասայլակով տեղաշարժվող կնոջը չեն վախեցրել Հայաստանի ամենբարձր կետում գտնվող զորամաս հասնելու դժվարությունները: Որոշել է կողքը հավաքել բարի մարդկանց ու իրականացրել նախաձեռնությունը:
Օրվա առթիվ տոնական տորթն անձամբ է թխել, նաև 450 կտոր խմորեղեն, իր պատրաստած չրերից տարել զինվորներին: Երաժիշտ ընկերներից մեկին էլ խնդրել է կիթառը վերցնել ու իրեն ուղեկցել, չի մերժվել:
Իմանալով Աշխենի նախաձեռնության մասին, մարդիկ միս են տարել, մրգեր, հիգիենայի պարագաներ: Բեռով, բարձով Խաչիկ են հասել:
Տեղ հասնելու դժվարությունների մասին չի ուզում խոսել: Ասում է՝ երեկվանից բարձր տրամադրության մեջ եմ:
«Իմ ուխտն է՝ ամեն տարի այդ օրը ես լինեմ զինվորի կողքին, մայրական ջերմություն փոխանցեմ: Զինվորը պետք է զգա, որ մենք թիկունքում լավ ենք: Գնում, գալիս եմ ու հոգեկան մեծ հանգստություն եմ ապրում»,-Panorama.am-ին ասաց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով, որ շնորհակալագիր է ստացել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից:
«Պատկերացնո՞ւմ եք, մենք երգում էինք՝ «Սիրուն ես, դու Մարիետա, քնքուշ ու բարի», ամբողջ զորամասի զինվորները բառերը փոխած ասում են՝ «Սիրուն ես, դու Աշխեն ջան, քնքուշ ու բարի: Երեկոյան տուն եմ հասել շատ հոգնած, բայց տրամադրությունս էնքան բարձր էր, որ ոչ մի բան չէի զգում: Ես հասնում եմ նրաց մոտ ու պայծառանում»,-տպավորությունները շարունակում է պատմել եղեգնաձորցի կինը:
Ի դեպ, տիկին Աշխենի խնդիրներին, կյանքին ու գործունեությանը Panorama.am-ը մի քանի անգամ անդրադարձել է:
Լուսանկարները՝ Աշխեն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հաշմանդամ կնոջ խնդրանքը. «Ես ծրագրեր ունեմ, ինձ մի խանգարեք»
- «Ես ուզեցի ապրել». Հաշմանդամ կնոջ պատմությունը
- Պետգույքի վարչության արձագանքը Panorama.am-ի հրապարակմանը. Վարչությունը իրավասու չէ շրջանցել իրավական ակտերը
- «Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն