2015-ին 12 հազարով նվազել է մշտական բնակչության թվաքանակը. Կարինե Կույումջյան
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 998600 մարդ, նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 12 հազարով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ նվազումն արձանագրվել է միգրացիայի ցուցանիշի և բնական շարժի՝ ծնունդների և մահերի տարբերության արդյունքում:
«2015թ-ին կենդանի ծնվածների թիվը կազմել է 41 հազար 815, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8 տոկոսով: Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ, ունենք նվազում՝ 0.4 պրոմիլային կետով: Եթե դիտարկելու լինենք ծնելիության ցուցանիշը մարզային կտրվածքով, ապա պիտի է ասենք, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 14.9 տոկոս, համեմատաբար ավելի բարձր ցուցանիշներ արձանագրվել են նաև Արարատում, Շիրակի ու Կոտայքի մարզերում»,-նշեց Կույումջյանը:
Նա տեղեկացրեց, որ մնացած բոլոր մարզերում միջին հանրապետական ցուցանիշից ավելի նվազ ցուցանիշներ և նվազագույն ցուցանիշը արձանագրվել է Սյունիքի մարզում՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է 10 երեխա:
Անդրադառնալով մահացությունների թվին, ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 27 հազար 835 մահվան դեպք, 2014-ի համեմատ մահվան դեպքերն ավելացել են 0.4 տոկոսով:
Ցուցանիշը մարզային կտրվածքով ներկայացնելով՝ Կույումջյանն ասաց, որ միջին հանրապետականից ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Լոռու մարզում և կազմել՝ 12.5 պրոմիլ. «Միջին հանրապետականից բարձր է գրանցվել նաև Տավուշում, Շիրակում և Վայոց Ձորում: Իսկ ամենացածր ցուցանիշը՝ 7.9 պրոմիլ՝ Գեղարքունիքի մարզում»:
Նա ավելացրեց, որ բնական հավելաճը՝ ծնունդների ու մահերի տարբերությունը, կազմել է 13 հազ. 980 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան