Ուոլթերի զեկույցի կասեցումը հաջողություն էր մեր դիվանագիտության համար. Էդուարդ Շարմազանով
«ԵԽԽՎ-ում ընդունված Միլիցա Մարկովիչի զեկույցը չարիքի փոքրագույնն էր»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ՀՀԿ-ն այսօրվա նիստում անդրադարձել է նաև այս հարցին:
«Կա երկու կարծիք, որ այդ զեկույցն ընդամենը թղթի կտոր է, երկրորդը այն է, որ այն լուրջ վտանգ է պարունակում: Ես այդ երկու կարծիքների հետ համամիտ չեմ: Սա իհարկե, թղթի կտոր չէ, քանի որ ԵԽԽՎ-ն լուրջ կառույց է, բայց մյուս կողմից սա չի կարող ունենալ պարտադրող որևէ ուժ»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ պետք է ավելի համախմբված, ամենօրյա աշխատանք տանեն. «Նաև պետք է գիտակցենք, որ կան երկրներ, որոնք ունեն մեծ քանակությամբ պատվիրակներ և ամեն անգամ՝ անկախ փաստաթղթերի բովանդակությունից մշտապես քվեարկել, քվեարկում և քվեարկելու են Հայաստանի դեմ: Այդ իմաստով պետք է այս ամենը հաշվի առնենք և ավելի ակտիվ աշխատենք» ,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իրականացրած աշխատանքը
Նրա խոսքերով՝ երկու զեկույցներն էլ հայանպաստ չէին, բայց ավելի ադրբեջանամետը Ուոլթերի զեկույցն էր, որն իր մեջ պարունակում էր լուրջ վտանգներ, քանի որ դա փորձ էր Ադրբեջանի կողմից այլ զուգահեռ հարթակներում քննարկել Ղարաբաղյան հիմնահարցը, որը անթույլատրելի էր:
«Այդ իմաստով նախաձեռնության կասեցումը շատ կարևոր էր, որը նաև հաջողությունն էր մեր դիվանագիտության համար»,- ընդգծեց Է.Շարմազանովը և իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի պատվիրակությանը, Հայաստանի դիվանագիտական կորպուսին, Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիներին, քաղաքական կուսակցություններին, քաղաքացիներին, ինչպես նաև լրագրողներին: